«Հոկտեմբերի 27»-ը չեմ վերագրել ՌԴ-ին, Պուտինին, նման տեղեկությունները սադրանք են. Անդրանիկ Քոչարյան
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ որոշ կայքերի ստահոդ տեղեկությունները սադրանքներ են՝ միտված հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները փչացնելուն և ուղղված են ընդդեմ ՀՀ անվտանգությանը:
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ մամուլում տեղ գտած մի շարք վտանգավոր և ստահոդ տեղեկություններից հետո ինքը ստիպված է եղել հրավիրել ասուլիս՝ հատկապես, որ ադրբեջանական կայքերը դրանք անմիջապես վերցրել են և օգտագործում մեր պետության դեմ:
«ՀՀ-ում կան կայքեր, որոնք սպասարկում են ադրբեջանական կայքերին: Խոսքը վերաբերում է այն նյութին, որ ես հոկտեմբերի 27-ը իբրև վերագրել եմ ՌԴ-ի հատուկ ծառայություններին, հատկապես ՌԴ նախագահ Պուտինին: Բնականաբար, որևէ հղում չկա՝ որտեղ եմ ասել: Չէր էլ կարող լինել նման անհեթեթ բան, և պետական կառույցը չէր կարող նման բան թույլ տալ»,-ասաց նա և հավելեց, որ միշտ եղել են տեսակետներ տարբեր վերլուծությունների տեսքով, բայց պաշտոնական տեսակետ որևէ կերպ չի եղել իր կողմից այդ հարցով:
«Իմ խորին համոզմամբ՝ այս սադրանքները միտված են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները փչացնելուն, որովհետև կան ուժեր, որ շատ լավ հասկանում են, որ Ռուսաստանը մեր անվտանգության համակարգում միջպետական համագործակցության շրջանակում ինչպիսի կարևոր նշանակություն ունի մեր երկրի համար, և այդ համակարգերն իրենց առաջ խնդիր են դրել փչացնել այդ հարաբերությունները, երբ գնում էր առողջացման շատ լուրջ գործընթաց»,-ասաց նա:
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ինքն, իհարկե, այս խնդրում միշտ պահանջել է, որ գործում նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում գործը քննության թեմա դարձնեն:
Հանձնաժողովի նախագահն ասաց, որ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակից հետո սկսվեցին անհասկանալի դրսևորումներ, շարժեր որոշ կայքերի կողմից:
«Մի բան կարող եմ ասել: Կոնկրետ մեղադրանք միշտ հնչեցրել եմ Ռոբերտ Քոչարյանի մասով, որ երբևիցե հասկանալի չի եղել այդ օրը Նաիրի Հունանյանի հետ հանդիպման և դրդապատճառները և նյութը, ինչ է խոսել փակ դռների հետևում, որովհետև նման հանդիպումներ չեն կարող լինել. կամ լինում են երրորդ մասնակցի ներկայությամբ, կամ էլ բացառիկ անվտանգության պայմաններում: Բայց որ առանց հիմքի մեղադրանքներ ուղղել կառույցների, երկրների՝ դա սուտ է և մեկ նպատակ է հետապնդում՝ փչացնել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները»,-ասաց նա և հավելեց, որ հստակ պետք է գիտակցել, որ այդ կայքերի տերերը խաղում են հակառակորդի դաշտում:
Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանը նշեց, թե որ խոսքը «7or.am» կայքի մասին է, որն արդեն որերորդ օրն է շարք է սկսել, որը ադրբեջանական կայքերը վերցնում են և ընդամենը թարգմանում:
Նա նաև ասաց, որ իր ընկերներից, զինվորականներից տեղեկություն է ստացել, որ այս սուտ ինֆորմացիան շրջանառում են, որպեսզի ռուսական կողմից արձագանք ստանան: Քոչարյանն ասաց, որ պաշտոնական Մոսկվայից արձագանք չի ստացել և համոզված է, որ նրանք էլ կարող են ֆիլտրել, թե որտեղ ինչ խաղեր են կազմակերպվում:
«Բայց չեմ ուզում, որ մտահոգություններ լինեն, որ իշխանության մեջ կան մարդիկ, որ ստահոդ հայտարարություններով են հանդես գալիս»,-ասաց նա:










