ՊՆ «ԶԻԼ 131»-ի վթարի հետևանքով Մեղրիի ԲԿ տեղափոխված 4 զինծայողների վիճակը բավարար է. փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում. ՊՆ
10:55
Ավելի ուշ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ ապրիլի 11-ին, ժամը 19.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ավտոմեքենայում գտնվող 20 զինծառայողներից 4-ը, հիմնականում սալջարդերով, տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն։ Բոլորի վիճակը բավարար է։
Փաստի առթիվ Մեղրիի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր:
09:32
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզում երեկ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։
«Նրանց առողջական վիճակը նորմալ է»,-քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ երեկ ժամը 20:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ՊՆ թիվ N զորամասի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհի 22-րդ կմ-ին թիվ N զորամասի «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ժայռին և շրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 18 զինծառայող հոսպիտալացվել է Մեղրու ԲԿ, որտեղ տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար: Բժիշկների հավաստմամբ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:










