Գազի գնի փոփոխությամբ պայմանավորված՝ «Գազպրոմ Արմենիայում» քննարկվում է աշխատողների թվի վերանայման և հաստիքների կրճատման հարցը

13:38 • 12.04.19

Գազի գնի փոփոխությամբ պայմանավորված «Գազպրոմ Արմենիայում» քննարկվում է աշխատողների քանակի վերանայման և հաստիքների կրճատման հարցերը: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին «Գազպրոմ Արմենիայի» հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:

«ՀՀ առաքվող բնական գազի գնի փոփոխությամբ պայմանավորված՝ ներկայում աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ, այդ թվում՝ դիտարկելով նաև համակարգի ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման և հաստիքների կրճատման հարցերը»,- նշված է պատասխանի մեջ:

Հիշեցնենք, որ «Գազպրոմ էքսպորտ» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների միջև կնքված լրացուցիչ համաձայնագրի համաձայն, որը սահմանում է 2019-ին Հայաստան մատակարարվող գազի սակագինը, Հայաստանի և Վրաստանի սահմանին ռուսական գազի սակագինը 2019-ի հունվարի 1-ից կազմում է 1000 խմ-ը 165 ԱՄՆ դոլար: Մինչ այդ սակագինը սահմանին կազմում էր 1000 խմ-ը 150 ԱՄՆ դոլար:

Նիկոլ Փաշինյանը սահմանին գազի գնի փոփոխությունից հետո հայտարարել էր, որ բնակչության համար սակագները չեն փոխվի: Ավելի ուշ վարչապետի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ հայ սպառողների համար գազի սակագինը կպահպանվի «Գազպրոմ Արմենիա» ընկերության ծախսերի կրճատման և դրա արդյունավետության բարձրացման հաշվին։