Հրաչյա Հակոբյանի նախագծով առաջարկվում է վիճակախաղի կազմակերպչի գովազդները կարգավորել

13:27 • 12.04.19

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ներկայացվեց  «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերը: Նախագծի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նշեց, որ առաջարկվում է տվյալ ընկերությունների գովազդները կարգավորել:

Հեռուստաեթերով յուրաքանչյուր վիճակախաղի կազմակերպչի գովազդը թույլատրվում է ժամը 21:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ռադիոյով ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում՝ բացառությամբ սպորտային միջոցառումների հեռարձակման ժամանակ, իսկ մանկապատանեկան հաղորդումներին նախորդող և հետևող մեկ ժամվա ընթացքում արգելվում է գովազդը: 

Լրատվական կայքերում այդ ոլորտի գովազդը պետք է չզբաղեցնի կայքէջի 20%-ից ավելին: Պատգամավորն ասաց, որ կողմերի հետ քննարկել են, որպեսզի ոչ մի կողմ հնարավորինս շատ չտուժի:

Հրաչյա Հակոբյանն ասաց, որ վիճակախաղի կազմակերպիչն իրավունք ունի համացանցով գովազդել վիճակախաղը, որովհետև վերահսկել հնարավոր չէ:

Պատգամավորը նաև ասաց, որ տոտալիզատորներ, շահումով խաղեր, ինտերնետային շահումով խաղեր կամ խաղատներ գովազդելիս պետք է տեսանելի լինի +21 նշագրումը, իսկ խաղարկությունով, ոչ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղ գովազդելիս՝ +18 նշագրումը։