ՊՆ «ԶԻԼ 131»-ի վթարի հետևանքով Մեղրիի ԲԿ տեղափոխած զինվորներից երկուսին հավանաբար կտեղափոխեն Երևանի հոսպիտալ, մյուս երկուսը շուտով դուրս կգրվեն. ԲԿ տնօրեն
Այս պահին Մեղրիի տարածաշրջանային ԲԿ-ում հոսպիտալացված է երեկ ՊՆ մեքենայի վթարից տուժած 4 զինծառայող: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԲԿ-ի տնօրեն Լուսինե Վարդանյանը:
Նրա խոսքով՝ զինվորներից մեկի մոտ առկա է դաստակի կոտրվածք, մյուսի մոտ՝ մեծ մակերեսով սալջարդ, մյուս երկուսը ստացել են համեմատաբար ավելի թեթև վնասվածքներ:
«Այս երկու զինծառայողների համար որոշում է կայացվել տեղափոխել հոսպիտալ, հավանաբար՝ Երևան: Դա մենք չենք որոշում: Իսկ մյուս երկուսի մոտ վնասվածքները շատ թեթև են: Նրանք հիվանդանոցում կմնան 1-2 օր և դուրս կգրվեն»,-ասաց Լուսինե Վարդանյանը:
ԲԿ տնօրենը նշեց, որ վթարից հետո իրենց ԲԿ տեղափոխված բոլոր 20 զինծառայողներն էլ անցել են հետազոտություն, անհրաժեշտության դեպքում կատարվել է ռենտգեն, բոլորն անցել են սոնոգրաֆիկ հետազոտություն, որից հետո որոշում է կայացվել 20-ից 4-ին հոսպիտալացնել:
Հիշեցնենք՝ Ապրիլի 11-ին, ժամը 19.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ավտոմեքենայում գտնվող 20 զինծառայողներից 4-ը, հիմնականում սալջարդերով, տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն։ Բոլորի վիճակը բավարար է։
Փաստի առթիվ Մեղրիի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր:










