Զարթոնք գյուղի բնակիչները բացել են Արմավիր-Երևան ավտոճանապարհը. նրանք ոստիկանությունում ցուցմունք են տալիս (լրացված)
20:23
Արմավիր-Երևան միջպետական ճանապարհը Զարթոնք համայնքի բնակիչների կողմից փակ է մնացել ընդամենը 20-25 րոպե. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց համայնքի բնակիչներից Կարեն Ղազարյանը:
«Ճանապարհը շատ շուտ ենք բացել: Ոստիկանության պաշտոնյաներ են եկել, զրուցել ենք, եկել ենք հայտարարի, որ մեր հարցերին լուծում են տրվելու»,- ասաց նա:
Նա տեղեկացրեց, որ ցույցի մասնակիցներով այս պահին գտնվում են ոստիկանության Մեծամորի բաժանմունքում: «Ցուցմունք ենք տալիս տվյալ իրադարձությունների վերաբերյալ»,-նկատեց նա:
Նա նշեց, որ խոստացել են, որ իրենց պահանջը՝ համայնքապետի հրաժարականը, կբավարարվի: «Հուսով սպասում ենք: Անպայման, հավատում ենք, որ պահանջը կկատարվի»,- ասաց նա:
17:49
Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչները փակել են Արմավիր-Երևան միջպետական ճանապարհը՝պահանջելով համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանը: Նա նշեց, որ գյուղում պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվել, բախումներն արդեն անխուսափելի են:
«Այսօր գյուղի դպրոցում ստուգումների ժամանակ ևս բախում է եղել, ամեն ինչ այն աստիճանի էր հասել, որ տուժածներ կան, շտապօգնություն էր եկել»,-ընդգծեց նա:
Համայնքի բնակիչի խոսքով՝ գյուղապետը 23 տարի թալանել է գյուղի միջոցները և օգտագործել անձնական նպատակների համար:
Ըստ նրա՝ ցույցի մասնակիցները գյուղապետի կողմից արված ապօրինությունների վերաբերյալ փաստեր ունեն:
«Մոտ 20 օր է մենք խնդիրը բարձրաձայնում ենք, ներկա պահին ահավոր վիճակ է, չգիտեմ՝ Մեծամորի խաչմերուկին ինչ է կատարվելու»,-ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ Զարթոնք գյուղի բնակիչները դիմել էին վարչապետի վերահսկողական ծառայություն՝ Դավիթ Սանասարյանին՝ խնդրելով, որպեսզի ստուգումներ իրականացվեն գյուղապետարանում:










