Արգավանդի կահույքի արտադրամասերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Ապրիլի 12-ին, ժամը 06:06-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արգավանդի խաչմերուկից դեպի օդանավակայան տանող ավտոճանապարհին գտնվող կահույքի արտադրամասում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի պողոտայի թիվ 83 հասցեում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:39-ին:
Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այնտեղ են ժամանել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչները և նշված հատվածում ժամանակավորապես դադարեցրել գազամատակարարումը: Այրվել են մեծ քանակի փայտյա ապրանքներ, տանիքը եւ այլ իրեր: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան:










