Սուրեն Պապիկյանը հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ՝ ուսումնասիրելու Ճամբարակում բնակվող արծվաշենցիների սոցիալական ու բնակարանային պայմանները

19:21 • 12.04.19

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Արծվաշենի բնակիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ Գեղարքունիքի  մարզպետ Գնել Սանոսյանը։ Այս մասին հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Լսելով արծվաշենցիների խնդիրները և մտահոգությունները՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ կառավարությունը կասկածի տակ չի դնում այն առանձնահատուկ կարգավիճակը, որ ունեն արծվաշենցիները` 1992թ. օգոստոսի 8-ի ռազմական գործողությունների և իրենց համայնքից բռնի տեղահանման հետևանքով։

Միաժամանակ նախարարը հայտնել է, որ Ճամբարակ համայնքում սուբվենցիայի ծրագրերի շրջանակներում պետության միջոցների հաշվին իրականացվելու են սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքներ, իսկ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով համայնքում նախատեսվում է կառուցել N1 հիմնական դպրոցը, որտեղ այժմ իրականացվում է շենքի  տեխնիկական վիճակի   ուսումնասիրությունը։

Հաշվի առնելով քաղաքացիների մտահոգություններն առ այն, որ համայնքում առկա են վթարային բնակարաններ՝ նախարարը հանձնարարել է մարզպետին ձևավորել աշխատանքային խումբ, որը տեղում կուսումնասիրի Ճամբարակում բնակվող արծվաշենցիների սոցիալական ու բնակարանային պայմանները և կգույքագրի ամրացման կարիք ունեցող բնակարանները։