Մեծ Բրիտանիան հայտնել է, թե որ դեպքում Ասանժին ԱՄՆ կարտահանձնի

15:08 • 12.04.19

Մեծ Բրիտանիայի իշխանությունները սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ կարտահանձնեն այն դեպքում, երբ այդ երկրի կողմից երաշխավորագիր ստանան առ այն, որ ձերբակալվածին մահապատիժ չի սպառնում, հաղորդում է РИА Новости-ն:

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ մահապատժի սպառնալիքի դեպքում քաղաքացու արտահանձնումն օրենքով արգելված է, ինչպես նաև արգելված է այն դեպքում, երբ կողմերի միջև պաշտոնական համաձայնություն չկա առ այն, որ արտահանձնվածը կդատվի միայն արտահանձնման հարցման պատճառ հանդիսացած մեղադրանքի համար:

Արտահանձնումն արգելող գործոններից մեկն էլ այն է, որ Մեծ Բրիտանիան չի կարող երրորդ երկրից իրեն արտահանձնված մարդուն առանց այդ երկրի պաշտոնական համաձայնության այլ երկիր արտահանձնել:

Նախօրեին ԱՄՆ արդարադատության նախարարությունից հայտարարել էին, որ Ասանժը Միացյալ Նահանգներում մեղադրվում է համակարգչային հարձակում իրագործելու նպատակով պայմանավորվածության համար:

ԱՄՆ-ն Ասանժի ձերբակալման և արտահանձնման մասին հրամանը Մեծ Բրիտանիային էր ներկայացրել անցած տարվա դեկտեմբերին: Եթե նա մեղավոր ճանաչվի, առավելագույնը 5 տարվա ազատազրկման կդատապարտվի, մինչդեռ Մեծ Բրիտանիայում ձերբակալվածին գրավի դիմաց ազատ արձակման օրենքները խախտելու և դատարան չներկայանալու համար մինչև 12 ամսվա ազատազրկում է սպառնում:  

Wikileaks-ի հիմնադրի կողմնակիցները վստահեցնում են, որ ամերիկյան կողմը կարող է Ասանժի դեմ նոր մեղադրանքներ առաջադրել, ինչը կարող է երկարաձգել նրա ազատազրկան ժամկետը, ոմանք էլ կարծում են, որ նրան կարող են մահապատժի դատապարտել:

Հիշեցնենք, որ Ջուլիան Ասանժը ձերբակալվել էր երեկ՝ Լոնդոնում:

2010-ին Շվեդիայում նրան մեղադրել են բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար: Գտնվելով Լոնդոնում՝ նա ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը, կալանավորվել է, այնուհետև ազատ արձակվել գրավի դիմաց: 2011-ին որոշում է կայացվել նրան Շվեդիա արտահանձնելու մասին, որը վերջինս բողոքարկել է:

2012-ին նա ապաստան է ստացել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ 7 տարի է անցկացրել: 2018-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է ներկայացրել նրա դեմ, սակայն այն «գաղտնի է պահվում»: Ասանժն, իր հերթին, բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ում իրեն կարող են սպանել: