«Ասանժին ազատ արձակեք, հակառակ դեպքում բարձր գին կվճարեք». Anonymous-ի նախազգուշացումը Մեծ Բրիտանիայի կառավարությանը
Anonymous միջազգային հաքերային խումբն իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալության վերաբերյալ:
Հայտարարությունն ուղղված է Մեծ Բրիտանիայի իշխանություններին, քանի որ Ասանժը ձերբակալվել է Լոնդոնում՝ բրիտանացի ոստիկանների կողմից:
Հաքերները նշել են, որ իրականում, ինչպես շատերը գիտեն, Մեծ Բրիտանիան Ասանժին ձերբակալել է Վաշինգտոնի դրդմամբ:
«Այս ձերբակալությունը հստակ ուղերձ է առ այն, որ այս երկրների կառավարություններին ոչինչ չի կանգնեցնի իրենց գաղտնիքները թաքցնելու ճանապարհին: Ասանժին պետության թշնամի են համարում, քանի որ նա գաղտնազերծել է թե՛ ձախակողմյան, թե՛ աջակողմյան ուժերի գաղտնիքները, Բուշի վարչակազմի պատերազմական հանցանքները»,-նշվում է հայտարարությունում:
Ըստ Anonymous-ի՝ Ասանժն իրական լրագրող է, որը մերկացնում է թե՛ ձախակողմյան, թե՛ աջակողմյան ուժերին:
«Միացյալ Թագավորության, ԱՄՆ-ի և Էկվադորի կառավարությունները ներկայացնող ազդեցիկ մարդիկ են կազմակերպել լրագրության դեմ ուղղված այս աննախադեպ հարձակումը: Սա քաղաքական իսթեբլիշմենթին ուղղված նախազգուշացում է՝ Ասանժին ազատ արձակեք, հակառակ դեպքում բարձր գին կվճարեք»,-նախազգուշացել են հաքերները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Ավստրալիայի քաղաքացի Ասանժը, որը յոթ տարի Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն ապաստանելուց հետո երեկ ձերբակալվել է Լոնդոնի ոստիկանության կողմից, Միացյալ Նահանգներ արտահանձնվելու և այնտեղ մահապատժի դատապարտվելու վտանգի տակ է:
Սակայն Ավստրալիայի արտգործնախարար Մարիս Փայնը հայտարարել է, որ իրենք Մեծ Բրիտանիայի իշխանություններին խորհուրդ են տվել չհամաձայնել Ասանժի արտահանձնմանը՝ այն դեպքում, եթե վերջինս ԱՄՆ-ում մահապատժի է դատապարտվելու:
Ասանժը դեսպանատանն էր ապաստանել՝ փորձելով խուսափել Շվեդիա արտահանձնումից: Հայտնի է, որ Շվեդիայում նա մեղադրվում էր բռնաբարության համար: Սակայն ազատ խոսքի իրավունքի ակտիվիստը մտավախություն ուներ, որ Շվեդիան իր հերթին կարող է իրեն ԱՄՆ արտահանձնել, որտեղ նրան, ամենայն հավանականությամբ, մահապատժի կդատապարտեն պետական գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար:
Այժմ Ասանժը ձերբակալվել է 2012թ. գրավի դիմաց ազատ արձակվելու ռեժիմը խախտելու համար:
Նրա փաստաբան Ջենիֆեր Ռոբինսոնը հայտարարել է, որ այս ձերբակալությունը վտանգավոր նախադեպ է ստեղծում ազատ խոսքի իրավունքի համար պայքարող բոլոր ակտիվիստների համար:










