Հարկեր վճարող լրատվամիջոցներին զրկում ենք վիճակախաղերի գովազդից, բայց հնարավորություն չունենք վերահսկել սոցցանցերում. Գևորգ Պապոյան

13:40 • 12.04.19

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողում «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերի քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը մի քանի նկատառում ուներ:

Մասնավորապես, նա նշեց, որ, ըստ էության, հարկեր վճարող հեռուստաընկերությանը, ռադիոյին, մամուլին զրկում են այս գովազդից, նաև ֆինանսական միջոցներից, բայց միաժամանակ հնարավորություն չկա վերահսկողություն սահմանել սոցցանցերում:

«Ստացվում է, որ գովազդային միջոցները հսկայական քանակությամբ ՀՀ-ից դուրս է գնում նույն ֆեյսբուքի կամ ինստագրամի կամ մյուս ցանցերի գովազդի միջոցով: Պայմանական ասեմ, եթե վիճակախաղեր առաջարկող ընկերությունը 1000 դոլարի գովազդ էր ներդնում ֆեյսբուքում, իսկ լրատվամիջոցներում՝ 5000, կստացվի, որ սոցցանցերում արդեն 6000 դոլարի գովազդ կտեղադրեն, այսինքն՝ խնդիրը չենք լուծի կամ մասամբ կլուծենք, իսկ Հայաստանից գումարները կարտահոսեն,-ասաց նա:

Նախագծի հեղինակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նշեց, թե այն փաստը, որ նրանք կարող են սոցցանցերում գովազդ տեղադրել, չի համարում զսպող մեխանիզմ, որ լրատվական դաշտում ևս ողողեն իրենց գովազդները: «Եթե ես հնարավորություն ունեի սոցցանցերում էլ արգելել, ես դա կանեի, բայց չունեմ այդ հնարավորությունը, և ես առաջարկում եմ արգելել այն, ինչի հնարավորությունն ունեմ, այսինքն՝ եթե մենք կարողանում ենք անել յուրաքանչյուր քայլ՝ այս ոլորտը քիչ գովազդելու, համարում եմ շատ կարևոր,-ասաց նա: