Սուդանի բանակը հրաժարվել է ալ Բաշիրին Միջազգային քրեական դատարան հանձնելուց

16:49 • 12.04.19

Սուդանի՝ երկրում ռազմական հեղաշրջում իրականացրած բանակը պաշտոնանկ արված նախագահ Օմար ալ Բաշիրին Միջազգային քրեական դատարանին չի հանձնի, հաղորդում է Fox News-ը՝ երկրի ռազմական խորհրդի քաղաքական հանձնաժողովի ղեկավար Օմար Զեյն ալ Աբիդինին հղումով:

«Օմար ալ Բաշիրն ապահով ձեռքերում է: Մեր խորհուրդը նրան պատասխանատվության կենթարկի, սակայն օտարերկրյա կառույցներին չի հանձնի ո՛չ ալ Բաշիրին, ո՛չ Սուդանի որևէ այլ քաղաքացու»,- ասել է ալ Աբիդինը՝ ակնարկելով, որ նախկին նախագահին կդատեն հայրենիքում:

Հանձնաժողովի ղեկավարը հավելել է, որ բազմամարդ բողոքի ակցիաների ժամանակ մարդկանց մահվան մեղավորները կկանգնեն դատարանի առաջ և պատասխանատվության կենթարկվեն:

Օմար ալ Բաշիրը Միջազգային քրեական դատարանի կողմից մեղադրվում է ռազմական հանցագործության, մարդկանց նկատմամբ հանցանքների և Դարֆուրի ցեղասպանության համար, որի հետևանքով մոտ 300 հազար մարդ է զոհվել, 2,7 միլիոնն անօթևան է մնացել:

Հիշեցնենք, որ Սուդանը 30 տարուց ավելի ղեկավարած Օմար ալ Բաշիրն ապրիլի 11-ին ռազմական հեղաշրջման արդյունքում ձերբակալվել և պաշտոնանկ է արվել բանակի կողմից: