«Նա լավ է գլուխ հանում թվերից». Թրամփը ցանկացել է դստերը՝ Իվանկային, Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնում առաջադրել

19:49 • 12.04.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկել է իր դուստր Իվանկա Թրամփին, որն աշխատում է Սպիտակ տանը որպես նախագահի օգնական,  համաշխարհային բանկի նախագահի պաշտոնում առաջադրելու հնարավորությունը, գրում է Bloomberg գործակալությունը:

«Նա այդ պաշտոնի համար հրաշալի թեկնածու կլիներ, քանի որ լավ է գլուխ հանում թվերից»,- ասել է նախագահը հարցազրույցներից մեկում:

Սպիտակ տան ղեկավարն իր դստեր թեկնածությունը դիտարկել է մի շարք այլ կարևոր պաշտոններում, ինչպիսին է ՄԱԿ-ի դեսպանի պաշտոնը, սակայն չի առաջադրել Իվանկային այդ պաշտոններում, քանի որ, նրա խոսքով, մարդիկ դա նեպոտիզմ կորակեին:

«Իրականում դա նեպոտիզմի հետ որևէ կապ չէր ունենա: Իվանկան պարզապես ի ծնե դիվանագետ է»,- ասել է Թրամփը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Համաշխարհային բանկի նախագահ է ընտրվել ԱՄՆ ֆինանսների նախարարության միջազգային գործերով ներկայացիչ Դևիդ Մալփասը, որի թեկնածությունն առաջադրել էր Դոնալդ Թրամփը: