ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկարաձգել է Սուդանի և Հարավային Սուդանի սահմանին խաղարարների առաքելության ժամկետը

21:54 • 12.04.19

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սուդանի և Հարավային Սուդանի սահմանին խաղարարների առաքելության ժամկետը մինչև սույն թվականի հոկտեմբերի 15-ը երկարաձգելու որոշում է կայացրել, գրում է РИА Новости գործակալությունը:

Որոշումն ընդունվել է խորհրդի անդամների միաձայն քվեարկությամբ: Բանաձևի տեքստում ասվում է, որ խաղարարների թիվը կկրճատվի 557-ի, մինչդեռ մեկ տարի առաջ դրանց թիվը գերազանցում էր 4500-ը:

Նշվում է նաև, որ 2011թ.-ին ստեղծված առաքելության այս երկարաձգումը վերջինը կլինի, եթե հիմնախնդրի կողմերը չիրականացնեն բանաձևում ներկայացված հստակ միջոցառումները, դրանք են՝ դուրս բերել զինված կազմավորումները նշված գոտիներից, կազմակերպել սահմանային անցակետերի աշխատանքը և սկսել սահմանագծման գործընթացը:

Խաղաղապահների առաքելությունը նպատակ ունի լուծելու 2011թ.-ին Սուդանի և Հարավային Սուդանի միջև ստեղծված հակամարտությունը նավթով հարուստ, վիճելի Աբեյ շրջանում: