31-ամյա վարորդի Mersedes-ը Հրազդան-Ծաղկաձոր ճանապարհին  գլխիվայր շրջվել է․ բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար․ Shamshyan.com

12:00 • 13.04.19

Երեկ՝ ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 31-ամյա Անդրանիկ Պետրոսյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Արարատ» ռեստորանահյուրանոցային համալիրի փայտյա ցանկապտին, տապալել այն, առաջ ընթանալով բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկը։

Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, որից հետո կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի հետևանքով վարորդի աջ ոտնաթաթը կտրվել է, և նրան հիվանդանոց են ուղեկցել ՃՈ վաշտի և դասակի հրամանատարները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։