Օլիվեր Սթոունը կարծում է, որ Ասանժն օգնել է «ճշմարտության ի հայտ գալուն»

14:04 • 13.04.19

Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունը կարծում է, որ հինգշաբթի ձերբակալված WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժն օգնում է «ճշմարտության ի հայտ գալուն», ինչը կարևոր է մարդկանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

«Ջուլիան Ասանժը նա է, ով օգնում է ճշմարտության ի հայտ գալուն: Նա մարդկության տեսանկյունից հսկայական աշխատանք է կատարել, չնայած նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքին: Այս գործը չափազանց կարևոր է տեղեկատվության մեր իրավունքը պահպանելու և ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ճնշումներից մեր կարևորագույն ազատությունը պահպանելու համար․․․»,- թվիթերյան իր էջում գրել է ռեժիսորը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Ավստրալիայի քաղաքացի Ասանժը, որը 7 տարի Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն ապաստանելուց հետո ձերբակալվել էր Լոնդոնի ոստիկանության կողմից, Միացյալ Նահանգներ արտահանձնվելու և այնտեղ մահապատժի դատապարտվելու վտանգի տակ է: Ասանժը դեսպանատանն էր ապաստանել՝ փորձելով խուսափել Շվեդիա արտահանձնումից:

Հայտնի է, որ Շվեդիայում նա մեղադրվում էր բռնաբարության համար: Սակայն ազատ խոսքի իրավունքի ակտիվիստը մտավախություն ուներ, որ Շվեդիան իր հերթին կարող է իրեն ԱՄՆ արտահանձնել, որտեղ նրան, ամենայն հավանականությամբ, մահապատժի կդատապարտեն պետական գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար:

Այժմ Ասանժը ձերբակալվել է 2012թ. գրավի դիմաց ազատ արձակվելու ռեժիմը խախտելու համար: