Ռուսաստանում 2-ամյա երեխան հարկադիր կատարողներին է «հանձնել» 1 միլիոն ռուբլի պարտք ունեցող հորը
ՌԴ Չելյաբինսկի մարզում 2-ամյա երեխան հարկադիր կատարողներին օգնել է գտնել իր հորը, որը 1 միլիոն ռուբլի պարտք էր կուտակել ալիմենտները չվճարելու հետևանքով:
Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն, հարկադիր կատարողների այցի ժամանակ Կորկինո քաղաքում բնակվող տղամարդը թաքնվել է սեփական բնակարանում:
Առաջին ամուսնությունից նա ունի երեք երեխա, որոնց համար ալիմենտ չի վճարել 2015թ.-ից սկսած: Պարտքի ընդհանուր չափը կազմել է շուրջ 1 միլիոն ռուբլի: Վերջինս բազմիցս ենթարկվել է վարչական և քրեական պատասխանատվության: Մասնավորապես, դատարանը նրան 20-ժամյա ուղղիչ աշխատանքներ էր նշանակել, սակայն 35-ամյա տղամարդը խուսափել էր դրանից:
Հարկադիր կատարողների այցի ժամանակ տղամարդու կինը հայտարարել է, թե ամուսինը տանը չէ: Այդ ժամանակ նրանց 2-ամյա երեխան բռնել է աշխատակիցներից մեկի ձեռքից և նրան տարել կոնկրետ ուղղությամբ:
Հարկադիր կատարողը մտածել է, թե փոքրիկը ցանկանում է ցույց տալ իր խաղալիքները, սակայն երեխան ցույց է տվել պատի և մահճակալի միջև ընկած հատվածը, որտեղ էլ թաքնված է եղել տղամարդը:
Դատարանի որոշմամբ նա կալանավորվել է 7 օրով:










