Զարթոնքի համայնքապետարանում խախտումներ ենք հայտնաբերել, երկուշաբթի օրը նյութերը կուղարկենք Դատախազություն․ Դավիթ Սանասարյան (թարմացվող)
15:54
Զրուցեցինք գյուղապետի հետ, երկուշաբթի օրն իր ասելիքը կասի: Այս մասին բնակիչներին ասաց Դավիթ Սանասարյանը: Նա նշեց, որ որոշակի խախտումներ կան։ Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալն ավելացրեց, որ ուսումնասիության արդյունքում որոշակի խնդիրներ առկա են, և հանցագործության հատկանիշներ պարունակող հանգամանքներ կան:
Դավիթ Սանասարյանը խոստացավ՝ եթե ոչ երկուշաբթի, ապա երեքշաբթի օրը իրենց տեղեկանքը կուղարկեն Դատախազություն: Նա կոչ արեց գյուղացիներին գնալ իրենց գործերին, որևէ ծայրահեղ քայլի չգնալ և սպասել մինչև երկուշաբթի:
14:25
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը գնացել է երկաթգիծը փակած Զարթոնք համայնքի բնակիչների հետ հանդիպման:
Նա, զարթոնքցիներին դիմելով, ասաց․ «Իրար հետ հավաքվում ենք մի կողմի վրա, խոսում ենք ամեն ինչի մասին, կհասկանանք իրար»,- ասաց Սանասարյանը:
Նա նշեց, որ կտեղեկացնի, թե ինչ է կատարվել մինչև հիմա համայքնի բնակիչների բողոքի թեմայով:
Սանասարյանի խոսքից հետո բնակիչները որոշեցին, որ պետք է գնան համայքնապետարանի մոտ զրուցեն, հասկանան:
Այս պահին երկաթգիծը փակած Զարթոնքի բնակիչները Դավիթ Սանասարյանի հետ շարժվում են դեպի Զարթոնքի համայնքապետարան:
14:15
Դավիթ Սանասարյանը, դիմելով հավաքվածններին, վստահեցրեց, որ ոստիկանությունը իր գործառույթներն է կատարում: «Ոստիկանությունից չպետք է պահանջել գյուղապետի հրաժարական, մեզնից չպետք է պահանջեք ոստիկանության գործառույթ, ամեն մեկը իր գործը պետք է անի: Իհարկե, գյուղը ձերն է, դուք ոտքի եք կանգնել»,-ասաց նա;
ՊՎԾ ղեկավարը հույս հայտնեց, որ համայնքապետն այս ամենը լսում է և հասկանում է, թե ինչ է տեղի ունենում: «Մենք էլ կխոսենք, ոչ թե կպարտադրենք հրաժարական, քանի որ պարտադրողը մենք չենք, գյուղացիներն են, կխոսենք, կհասկանանք: Բոլոր հարցերը դրվելու են սեղանին»,-ասաց նա:
Բնակիչներից մեկը բորբոքված նշեց, որ եթե ոստիկաններից մեկի մոտ զենք տեսնի, գողանալու և կրակելու է: «Եկեք մի քիչ հանգստանանք, զենք-զինամթերքի մասին չենք խոսում: Խնդիրը պետք է սառը մտածելով լուծել, արյունահեղությամբ ոչ մի խնդիր չի լուծվի: Ով սխալ է, պետք է պատասխան տա, մենք եկել ենք խնդիրը կարգավորել»,-ասաց նա և նշեց, որ չկա այնպիսի հարց, որ չի լուծվում:
13:50
Ոստիկանությունը Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին հաղորդագրություն է տարածել:
«Ապրիլի 13-ի վաղ առավոտյան ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Զարթոնք գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Այդ ընթացքում մասնակիցներից մեկը որսորդական հրացան է գործադրել։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները կանխել են միջադեպի հնարավոր անդառնալի հետևանքները։
Բացի այդ, ոստիկանները վնասազերծել են հրացան գործադրած անձին, նրան և միջադեպի մի քանի մասնակիցների բերման են ենթարկել բաժին։ Միջադեպի մասնակից հինգ անձ դիմել է բուժօգնության։ Նրանցից երկուսի վնասվածքը, նախնական վարկածով՝ առաջացել է որսորդական փամփուշտի կոտորակից»,-ասված է հաղորդագրության տեքստում։
12:43
Արմավիրի մարզի զարթոնք համայնքում այսօր առավոտից կրկին լարված վիճակ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց համայնքի բնակիչներից Սեյրան Սահակյանը:
«Վաղ առավոտից համայնքապետի կողմից հարձակումներ են եղել մեզ վրա, հարձակվել են բողոքող բնակիչների վրա, ծանր վնասվածքներ ենք ստացել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ Զարթոնք գյուղի բնակիչները փակել էին Արմավիր-Երևան միջպետական ճանապարհը՝ պահանջելով համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականը:
Սեյրան Սահակյանը տեղեկացրեց, որ բնակիչների վրա հարձակումներից հետո, զարթոնքցիները փակել են միջպետական երկաթուղին:
«Գյուղապետի թոռն անձամբ ինձ վրա է կրակել «վինչեսթր» հրացանով՝ ոստիկանների աչքի առաջ»,- ասաց նա:
Ճշտող հարցին՝ ոստիկանները քայլեր չե՞ն ձեռնարկել, նա պատասխանեց. «Ոստիկանների ասելով՝ համապատասխան կրակողին տարել են բաժին: Ես ոտքի վնասվածք եմ ստացել, հրազենային վնասվածք, ներկա պահին Մեծամորի հիվանդանոցում եմ»:
Նշենք, որ երեկ Tert.am-ի հետ զրույցում Կարեն Ղազարյանը ուշ երեկոյան տեղեկարցել էր, որ գտնվում են Ոստիկանության Մեծամորի բաժնում և ցուցմունք են տալիս: Հարցին՝ ի՞նչ եղավ դրանից հետո, նա ասաց, որ երեկվա բախումների հետ կապված բոլորը ցուցմունք են տվել, թե ինչպես է եղել այդ ամենը: «Ներկայացրել ենք քննչական մարմիններին, բայց այսօր միևնույնն է, եկել մարդկանց տան վրա են հարձակվել ու սկսել են ծեծել»,- ասաց նա և հավելեց. «Բնակիչներից Պողոսյան Վարդանի տան վրա են հարձակվել, ծեծել են այնպիսի մարդու, որ իրենց նման ուրացողների համար քառօրյա պատերազմի դաշտում է եղել, ամբողջ ժամանակ պատերազմի մեջ է եղել այդ մարդը, իսկ այսօր այդ մարդու ամբողջ դեմքն այլանդակել են»:
Նա նշեց, որ այս ամենն այն բանի արդյունք է, որ այսքան ժամանակ ոչ ոք ընթացք չի տվել իրենց բողոքներին: «Պետք է արագ գործել, օր օրի իրենք ագրեսիվ են դառնում մեր հանդեպ»,- նշեց Կարեն Ղազարյանը:
Դատախազությունից հայտնում են, որ դեպքի վայրում է Արմավիրի մարզի դատախազը, նախնական տվյալներով կան բերման ենթարկվածներ։
Ամալյա Առաքելյան










