Տրիպոլիում ընթացող մարտերի հետևանքով 121 մարդ է զոհվել

17:26 • 14.04.19

Տրիպոլիի շրջանում 121 մարդ է զոհվել մարշալ Հաֆթարի գլխավորությամբ գործող Լիբիական ազգային բանակի սկսած մարտական գործողություններից ի վեր: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ մեջբերելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները:

Հաղորդվում է, որ 561 մարդ է վիրավորվել: ԱՀԿ-ից հայտնել են նաև, որ լրացուցիչ անձնակազմ և դեղամիջոցներ են ուղարկում Տրիպոլի: Համաշխարհային կազմակերպությունը դատապարտել է բազմակի հարձակումներն առողջապահության ծառայությունների աշխատակիցների և նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցների դեմ:

ՄԱԿ-ի հումանիտար հարցերով զբաղվող վարչությունից հայտնել են, որ ավելի քան 13 500 մարդ ստիպված է եղել փախչել Տրիպոլիից՝ լիբիական մայրաքաղաքում ընթացող մարտերի պատճառով:  

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին մարշալ Հաֆթարին ենթակա բանակային ուժերը գրոհ են սկսել Տրիպոլիի դեմ:

Լիբիայում երկիշխանություն է տիրում 2011 թվականին Մուամմար Կադդաֆիի սպանությունից հետո: Լիբիայի արևելյան շրջանում իշխում է ընտրված խորհրդարանը, իսկ Տրիպոլիում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված ազգային համաձայնության կառավարությունը՝ Ֆաիզ Սարաջի գլխավորությամբ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մարշալին ենթակա ուժերը վերահսկողություն են հաստատել Տրիպոլիից հարավ գտնվող Գարյան և Սուրման քաղաքներում, ինչպես նաև Տրիպոլիից 40 կմ հեռավորությամբ գտնվող ռազմաբազայի նկատմամբ: