Ռիո դե Ժանեյրոյի ետնախորշերից մեկում ապօրինի կառուցված շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի

12:23 • 15.04.19

Բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքի ետնախորշերից մեկում ապօրինի կառուցված երկու շենքերի փլուզման հետևանքով առնվազն 9 մարդ է մահացել, 15-ը անհայտ կորած են համարվում, հայտնում է ria.ru-ն՝ Brasil գործակալությանը հղումով:

Ավելի վաղ հաղորդվել է 7 զոհի մասին:

Շենքերի փլուզման հստակ պատճառները դեռ պարզված չեն, սակայն հայտնի է, որ ֆավելան, որում դրանք գտնվել են, դասվում է քաղաքի՝ ուժգին անձրևներից տուժած շրջանների շարքին:

Քաղաքային իշխանությունները հայտնել են փլուզված շենքերի կողքին գտնվող առնվազն 3 շինության ապամոնտաժման ծրագրերի մասին: Այդ շրջանի մնացյալ շենքերի ճակատագիրը կորոշվի ստուգումներից հետո:

«Այս շենքերը վտանգ են ներկայացնում մարդկանց համար, որովհետև դրանք կառուցվել են առանց արտոնագրերի… Չկա անգամ ինժեներ, որը պատասխանատու է դրանց կառուցման համար»,- ասել է քաղաքային իշխանությունների ներկայացուցիչ Սեբաստիան Բրունուն:

Քաղաքում հորդառատ անձրևները սկսվել են անցած շաբաթվա սկզբին և խլել առնվազն 10 մարդու կյանք: