Էդգար Ծատինյանի հարազատը հաղորդում է տվել՝ եղբորը ոստիկանները ծեծելով սպանել են. ոստիկանությունը հերքում է, իսկ սուտ մատնության հատկանիշների առկայությունը՝ ստուգվում
Օրերս ֆեյսբուքյան օգտատեր Մարիամ Մկրտչյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ օրեր առաջ նախկինում դատապարտված իր եղբորը ոստիկանները բերման են ենթարկել, բռնություն կիրառել նրա նկատմամբ և ստիպել սուտ ցուցմունք տալ՝ սպառնալով, թե թմրանյութով տոպրակ կգցեն գրպանը: Գրառման մեջ նշվում է, թե Էդգար Ծատինյանը անճարությունից կուլ է տվել թմրանյութով տոպրակը, որից հետո վատացել է նրա ինքնազգացողությունն, ու նրան տեղափոխել են հիվանդանոց:
Մարիամ Մկրտչյանը նշում է՝ հիվանդանոցում պատշաճ օգնություն չի ցուցաբերվել եղբորը, որի հետևանքով վերջինս մահացել է:
Դեպքի առնչությամբ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Սոցցանցում տեղեկատվություն է տարածվել, թե իբր ոստիկանության Նոր Նորքի բաժնում դաժան ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ Էդգար Ծատինյանը, ապա կուլ է տվել թմրանյութով տոպրակը, որն իբր ոստիկանները փորձել են «գրպանը գցել», այնուհետև տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, այնտեղից՝ «Արմենիա» բ/կ, որտեղ ապրիլի 8-ին մահացել է:
Ըստ նախնական բժշկական եզրակացության՝ մահվան պատճառը եղել է սուր սիրտ-անոթային և շնչառական անբավարարությունը, սուր թունավորում ամֆետամինով, տոքսիկ կոմա:
Նախնական տվյալների համաձայն՝ մի քրեական գործի շրջանակում, սպանության կասկածանքով, Երևան քաղաքի Գյուլիքևխյան փողոցից ապրիլի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է բերման ենթարկվել նախկինում բազմաթիվ անգամներ դատապարտված Էդգար Ծատինյանը, որի ինքնազգացողությունը բաժնում կտրուկ վատացել է, ինչի պատճառով շտապօգնության կանչ է ձևակերպվել, ու վերջինս տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ, որտեղ հայտնել է, թե չի հիշում՝ ինչ է կուլ տվել: Էդգար Ծատինյանը այնուհետև տեղափոխվել է «Արմենիա» բ/կ, որտեղ էլ ապրիլի 8-ի առավոտյան մահացել է:
Ապրիլի 14-ին ոստիկանություն հաղորդում է տվել Էդգար Ծատինյանի հարազատը՝ հայտնելով, թե ոստիկանները նրան ծեծելով սպանել են, իսկ բժիշկներն օգնություն ցույց չեն տվել:
Հետաքննության մարմնին հանձնարարվել է ստուգել նաև ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված արարքի, այն է՝ սուտ մատնության հատկանիշների առկայությունը:
Միաժամանակ, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ հաղորդման մեջ նշված հանգամանքների ներգերատեսչական ստուգում իրականացնելու համար:










