Բա ինչի՞ համար են կառավարությունը, բյուջեն. վարչապետը՝ Ագրարային համալսարանում վերազինումները բարերարների օգնությամբ կատարելու մասին

15:35 • 15.04.19

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այս պահին Ագրարարային համալսարանում են: Վարչապետը համալսարանում ծանոթացել է նոր լաբորատորիայի հնարավորություններին:

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ներկայացնելով վերազինումները, նշեց, որ բարերարների միջոցով է վերազինվում համալսարանը: «Աշխատանքները մշտապես տարվում են բարերարների հետ, քանի որ մեր բոլոր ենթակառուցվածքները վերազինելու համար մեծ գումարներ են պետք»,- ասաց ռեկտորը:

Ռեկտորի նշածը, սակայն, դուր չեկավ վարչապետին: Ըստ նրա՝ բարերարների ներգրավվածությունը շատ լավ է, բայց գործունեությունը պետք է լինի պետական տրամաբանության մեջ:

Վարչապետը հետաքրքրվեց՝ կա՞ ամբողջական հաշվարկ, որ եթե ամբողջական ծավալով վերազինվի համալսարանը, բյուջեն որքան կկազմի:

Ռեկտորը պատասխանեց, որ միայն ճարտարագիտական լաբորատորիաները վերազինելու համար անհրաժեշտ է 300 մլն դրամ, գրեթե այդքան գումար էլ հարկավոր է անասնաբուժական լաբորատորիաները վերազինելու համար:

Փաշինյանն էլ նկատեց, որ պետք է տրամաբանությունը փոխել: «Իսկ մենք համոզվա՞ծ ենք, որ չենք կարող մեր բյուջեի միջոցներից ունենալ ռազմավարության նախագիծ, և դա իրականացնենք, իհարկե, ով կցանկանա օգնել՝ շատ լավ: Որովհետև տպավորություն է՝ մենք ինչ ուզում ենք, գնում, բարերարներին ասում ենք՝ մի բան տվեք»,- ասաց վարչապետը և հավելեց, որ համոզված չէ, թե դա ճիշտ մոտեցում է:

«Վա՜յ, մեր Գյուղակադեմիայում ուզում ենք մի հատ լսարան ունենալ, բա ի՞նչ անենք, գնանք բարերար գտնենք: Բա ինչի՞ համար է կառավարությունը, բյուջեն: Ես չեմ ասում՝ բարերարների ներգրավվածությունը վատ է, բայց ոնց որ մեր գործունեությունը պետական տրամադրության մեջ չէ: Մեր երկրում մոտեցում կա՝ ոստիկանությանն այսինչ բանը պետք է, այսինչը նվիրում է, մյուսն ուզում է բանակին էս ինչը նվիրի, ԱԱԾ-ին էն ինչը նվիրի: Իսկ մենք հազմովա՞ծ ենք, որ չունենք այդքան միջոցներ, ունենանք ռազմավարություն, հաշվարկենք, ու կատարենք: Իսկ ինչո՞ւ պետք է դա հատվածական արվի»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այդ տրամաբանությամբ որ շարժվենք, ամբողջացնելու համար կարող է տևել տասը տարի. «Բա էդ տասը տարին գումար չէ՞, փող չէ՞, իսկ գուցե մենք կարող ենք դա անել մեկ- երկու տարում: Ես մի քանի անգամ հայտարարել եմ, որ մենք  փողի խնդիր չունենք: Մենք բյուջեի ծախսը կտարելու խնդիր ունենք»,- նշեց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ կառավարության համար «Գյուղակադեմիան» շատ կարևոր է: «Պետք է գնահատել՝ ինչքան գումար է պետք, ինչ ժամանակացույցով, ու գնանք խնդրի լուծմանը: Այսպես կտոր-կտոր խնդրի լուծմանը չգնանք, ասենք՝ վայ, մեզ մի հատ համակարգիչ կտա՞ք, մի հատ աթոռ կտա՞ք: Բարեգործությունը վատ բան չէ, բայց «կուստառնի» տրամաբանություն է ստացվում: Պետք է կենտրոնանանք. այսօր մենք Գյուղակադեմիայի հետ խնդիր ունենք լուծելու, կենտրոնանանք մեկ-երկու տարվա մեջ դնենք ֆինանսավորումը, լուծենք խնդիրը, համարենք, որ այդ մասով մեր օրակարգից մի հարց պակասեց, հակառակ դեպքում՝ մեր օրակարգից ոչ մի բան էլ չի պակասում»,- ասաց վարչապետը և նշեց, որ այս տրամաբանությունն է առաջարկում:

Նա ընդգծեց, որ սա պետական նշանակության գործ է, և պետք է պետական մակարդակով էլ խնդիրը լուծել:

Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն էլ նշեց, որ ծրագրեր ունեն, և որ պետությանն էլ կուղարկեն այդ ծրագրերը: «Գործընկերային հարաբերություններով ենք փորձել լուծել մեր խնդիրները, հիմա փաթեթային ծրագրերը կներկայացնենք նաև կառավարությանը»,- ասաց ռեկտորը:


Ամալյա Առաքելյան