ԱՄՆ-ի հարավային հատվածին պատուհասել են պտտահողմերն ու ջրհեղեղները. կա 6 զոհ, այդ թվում՝ երեխաներ (լուսանկարներ)
Ապրիլի 14-ին Միացյալ Նահանգների հարավային հատվածին պատուհասել են հզոր փոթորիկներն ու ջրհեղեղները՝ դառնալով վեց մարդու, այդ թվում՝ երեխաների մահվան պատճառ, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ մեծ է նաև տուժածների թիվը:
Տեխաս, Միսիսիպի, Լուիզիանա, Արկանզաս և Ջորջիա նահանգներում մոտ 90 000 մարդ առանց էլեկտրաէներգիա է մնացել:
Տեխասի արևելքում ուժեղ պտտահողմը սոճին գցել է մեքենայի վրա, որում 3 և 8 տարեկան երեխաներ են եղել. նրանք տեղում մահացել են, մինչդեռ ծնողները վնասվածքներ են ստացել:
Տեխասում հոսպիտալացվել է 35 մարդ, որից 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
![]()
Տեխասի տարբեր քաղաքներում փակվել են դպրոցներ, 225 կմ/ժ արագությամբ ընթացող քամին շրջել է թրեյլերներ, մեքենաներ, պտտահողմերն ավերել են 55 տուն, մի եկեղեցի, բիզնես գրասենյակներ:
Մինչդեռ Միսիսիպիում փոթորիկներն ուղեկցվել են տեղատարափ անձրևներով: Այստեղ հոսպիտալացվել է 19 բնակիչ: Միսիսիպիի պետական համալսարանում մոտ 21 000 ուսանող պտտահողմի մոտեցման պատճառով պատսպարվել է շենքի նկուղում:
Լուիզիանա նահանգում ջրհեղեղները դարձել են երեք մարդու մահվան պատճառ: Ոստիկանության փոխանցմամբ՝ նրանցից մեկը 13-ամյա դեռահաս է:
Ալաբամա նահանգում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով գրանցվել է մեկ զոհ:















