Apple-ը գումար կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար
Ամերիկյան Apple ընկերությունը միջոցներ կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար, որը տուժել է հրդեհից: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Թիմ Կուկը:
«Apple-ը նվիրատվություն կանի վերակառուցման համար, որպեսզի աջակցի տաճարի թանկարժեք ժառանգության վերականգնմանը հետագա սերունդների համար», -թվիթերյան իր էջում գրել է Կուկը՝ հավելելով, որ ընկերությունը «վշտի մեջ է» կատարվածի պատճառով:
Տեխնոլոգիական հսկայի ղեկավարը չի մասնավորեցրել, թե ինչ գումարի օգնության մասին է խոսքը:
Հրդեհը Փարիզի Աստվածամոր տաճարում սկսվել է ապրիլի 15-ի երեկոյան: Այն ամբողջությամբ հաջողվել է մարել միայն հաջորդ օրվա առավոտյան: Նախնական տվյալների համաձայն՝ հրդեհը բռնկվել է վերին հատվածներում տարվող վերանորոգման աշխատանքների ժամանակ: Կրակը ոչնչացրել է աշտարակի վերնամասը, ժամացույցը և տանիքի մեծ մասը:










