Game of thrones-ի 8-րդ սեզոնի առաջին սերիան՝ Կինո Պարկում

16:00 • 16.04.19

Երեկ «Երևան Մոլի» ԿինոՊարկը լեփ-լեցուն էր: Հավաքվել էին՝ հայտնի «Game of thrones» բազմասերիանոց ֆիլմի երկրպագուները, ովքեր հնարավորություն ունեցան առաջինը դիտելու սերիալի վերջին՝ 8-րդ սեզոնի առաջին սերիան:

Տեղերը սպառվել են գրեթե կայծակնային արագությամբ: Բոլոր նրանք, ովքեր ԿինոՊարկից գնել են կոմբո՝ աղի պոպկորն և կոկա կոլա, ստացել են «Game of thrones»-ի մեկ հրավիրատոմս: Այսպիսով շուրջ 2 օրում տեղերի մեծամասնությունը սպառվել է:

«Աշխատում ենք, որ բերենք մնացած բոլոր սերիաներն էլ, որովհետև ինքներդ եք տեսնում, թե ինչ աժեոտաժ է ստեղծվել 8-րդ սեզոնի 1-ին սերիայի ցուցադրության շուրջ», -Tert.am-ի հետ զրույցում նշեց ԿինոՊարկի տնօրեն Արեգ Դանիելյանը:

Ի դեպ, նա նշեց, որ «Game of thrones»-ի ցուցադրությունն ապահովել է Ucom ընկերությունը, որը ՀՀ տարածքում պաշտոնապես ներկայացնում է սերիալը:

«Ըստ պաշտոնական տվյալների՝ ԿինոՊարկն ամբողջ աշխարհում միակն է, որ  ներկայացնում է «Game of thrones»-ը սերիալը կինոթատրոնում: Սա մեզ համար իմիջային մեծ իմպուլս է, և առհասարակ վկայում է այն մասին, որ  հաճախորդները շատ սիրում են ԿինոՊարկը»,- ասաց Ա. Դանիելյանը:

Սերիալի երկրպագուների համար սա ամենասպասված սեզոնն է: Ընդհամենը 6 սերիայից հետո ունկնդիրները վերջապես կիմանան, թե ինչով ավարտվեց սիրելի ֆիլմը: