Նշել եք, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակում աշխատել եք 2 տարի, սակայն կազմակերպությունից ասել են՝ աշխատել եք 30 օր. Լիլիթ Մակունցը հարց ուղղեց ՍԴ դատավորի թեկնածուին
ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ միակ թեկնածու Գոռ Հովհաննիսյանին հարց ուղղեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Մակունցը նշեց, որ իրեն դիմել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան ՀԿ-ն, որը դիտորդական իրավունք է իրականացնում ՀՀ-ում Սահմանադրական դատարանի թափուր պաշտոնի համալրման գործընթացի նկատմամբ: «Ըստ ձեր նշված կենսագրական թերթիկի՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ կնքված պայմանագրով Դուք աշխատել եք 2 տարի մեկ ամիս: Նշված կազմակերպությունը հարցում է ուղարկել ԵԱՀԿ երևանյան գրասենյակ և պատասխան է եկել, որ Դուք այդ նշված պայմանագրի սահմաններում աշխատել եք երեսուն օր»,- ասաց Լիլիթ Մակունցը:
Հովհաննիսյանն էլ պատասխանեց՝ հավանաբար, խոսքը ոչ թե ԵԱՀԿ-ի, այլ Եվրախորհրդի հետ պայմանագրի մասին է: «Իսկ ԵԱՀԿ-ի դեպքում ես աշխատել եմ 2016-ի օգոստոսին միայն, Եվրախորհրդի դեպքում է, որ ես երկար եմ աշխատել»,- ասաց ՍԴ դատավորի թեկնածուն:
Վերջինս բացատրեց, որ իրականում միջազգային կազմակերպությունների պայմանագրում նշվում է, որ վարձատրությունը տրվում է ինչ-որ օրերի քանակով, բայց թե, փաստացի, մարդն ինչքան է աշխատում օրենսգրքի նախագծի վրա, դա ոչ մի կապ չունի պայմանագրում նշված վարձատրության օրերի քանակի հետ:
«Ես 2014 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի ապրիլը զբաղվել եմ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքներով, այսինքն՝ ես, փաստացի, աշխատել եմ ավելին, քան պայմանագրում նշված օրերի քանակն է, որոնց հիման վրա հաշվում է աշխատանքի վարձատրությունը: Խնդիրը միայն դրա մեջ է»,- պարզաբանեց՝ Գոռ Հովհաննիսյանը:
Լիլիթ Մակունցն էլ վստահություն հայտնեց, թե Հովհաննիսյանը գիտի, որ ՀՀ-ում գործող բոլոր կազմակերպություններն՝ այդ թվում միջազգային կազմակերպությունները, աշխատում են ՀՀ Սահմանադրությանն ու Աշխատանքային օրենսգրքին համապատասխան, և չի կարող աշխատողն աշխատել ավելին՝ այսինքն շահագործվել և չստանալ դրան համապատասխան վարձատրություն: «Այստեղ ինձ համար մտահոգիչ բան կա»,- ասաց Մակունցը:
Հովհաննիսյանն էլ նշեց, որ խնդիրն այն չէ, թե իրեն շահագործել են: «Խնդիրն այն է, թե ինչպես է վարձատրվում աշխատանքը: Միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում օրերով է որոշվում, թե ինչպես է վարձատրվում մարդը: Ես կարող եմ ապացուցել, որ մասնակցել եմ բոլոր գիտաժողովներին, որոնք տեղի են ունեցել 2014-ի նոյեմբերին, 2016-ի մարտին: Ի դեպ, այդ ամբողջ ընթացքում ես մշակել եմ վարչական իրավախատումների օրենսգրքի երեք գլուխ: Փորձառությունս ցույց է տալիս, որ հնարավոր չէ քառասուն օրում այդքան ահռելի աշխատանք կատարել: Այդ քառասուն օրը հաստատ ցույց չի տալիս այն օրերի քանակը, որ ես աշխատել եմ»,- եզրափակեց նա:
Ամալյա Առաքելյան










