Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններից մեկում խախտումներ են հայտնաբերվել. ընկերությունը տուգանվել է
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններից մեկում խախտումներ են հայտնաբերվել: Ընկերությունը ենթարկվելու է վարչական տուգանքի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը:
«Ճնշման հետ կապված խախտում է արձանագրվել: Լցակայաններում բնական գազի ճնշումը չպետք է գերազանցի 19,6 ՄՊա-ն, կամ, վարորդների լեզվով ասած, 200 մթնոլորտային ճնշումը: Այստեղ 200-ից ավելի է եղել և մի քանի թղթաբանական խախտումներ են արձանագրվել»,- հայտնեց Արմեն Կոտոլյանը:
Նրա խոսքով՝ տուգանքի չափը մոտավորապես լինելու է 50-ից 100 հազար դրամ: Սակայն, հետագայի համար Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու, որպեսզի ԱԳԼՃԿ-ների և ևս մի քանի տեսակ բիզնեսների տուգանքները խստացվեն:
«Բոլորի համար էլ պարզ է, որ 50-100 հազար դրամը խոշոր բիզնեսի, մանավանդ՝ ԱԳԼՃԿ-ների համար ոչ մի զսպող հանգամանք չէ»,- նշեց Արմեն Կոտոլյանը:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար նաև տեղեկացրեց, որ ուսումնասիրությունները կատարվել են բողոքի հիման վրա. «Գագիկ Ծառուկյանին պատկանող ոչ բոլոր ԱԳԼՃԿ-ներում են անցկացվել, ընդամենը մի գազալցակայանն է, որտեղից բողոք է եղել»:
Խախտումները հայտնաբերվել են Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Մուլտի գազ» գազալցակայանում:










