ԱԺ-ի բացասական որոշումը կասկածի տակ չի դնի իմ մասնագիտական հմտությունները․ Գոռ Հովհաննիսյան
Այսօր ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմանը միակ թեկնածու Գոռ Հովհաննիսյանից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը խնդրեց ներկայացնել իր աշխատանքային գործունեության ժամկետը, քանի որ ըստ նրա ներկայացրած փաստաթղթերի՝ 13 տարի 10 ամիս է, մինչդեռ պահանջվում է առնվազն 15 տարի։
Բացի այդ, նա նկատեց, որ ՍԴ անդամի թեկնածուն հանրային ճանաչում և անբասիր կենսագրություն ունեցող անձ պետք է լինի։ «Ըստ Ձեզ՝ ՀՀ քաղաքացիների համար Գոռ Հովհաննիսյան իրավաբանը որքա՞ն ճանաչելի է իր հանրային գործունեության արդյունքում»,-հարցրեց պատգամավորը:
Գոռ Հովհաննիսյանը պարզաբանեց. «Աշխատել եմ 2001 թ-ից: Հիմա 2019թ-ն է, 18 տարի է, 2 տարի էլ ծառայել եմ բանակում, ստացվում է 16։ 2004-ին ընդմիջումը մի քանի ամիս է։ Դուք նորից շարունակում եք դատողություն անել սկզբնական փաստաթղթերով, երկրորդը նայեք» ։
«Կուսակցությունների մասին օրենքում մշակել եմ այն դրույթները, որոնք վերաբերում են կուսակցությունների կասեցմանն ու արգելմանը, մնացած դրույթներից տեղյակ չեմ»,-հավելեց ՍԴ դատավորի թեկնածուն։
Հասարակական ճանաչման հարցին անդրադառնալով՝ նա ասաց, որ ամենևին չի կարծում, որ ՍԴ անդամը պետք է հասարակության կողմից ճանաչված լինի, և ոչ մի երկրում այդպես չէ։ Ըստ Հովհաննիսյանի՝ դա պրոֆեսիոնալ աշխատանք է, ոչ թե քաղաքական։ «ՍԴ-ն քաղաքական մարմին չէ, ՍԴ անդամները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, փոխարենը՝ իրավաբանական հանրությունն է ինձ ՀՀ-ում ճանաչում»,-ասաց նա։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն էլ հարցրեց, որ եթե չընտրվի, Գոռ Հովհաննիսյանը կհամարի՞, որ ԱԺ-ն արդարացի է։ Թեկնածուն ասաց, որ ինքը հասկանում է, որ խորհրդարանի ցանկացած որոշում քաղաքական է, և եթե բացասական որոշում կայացվի, դա չի նշանակում, որ իր մասնագիտական հմտություները կասկածի տակ են դրվում։










