Շատ ողջունելի է, որ մեծահարուստները վերանորոգում են եկեղեցիները, չեն հեռանում դրանցից. Պարգև սրբազանը՝ «Հայը» ֆիլմի մասին (տեսանյութ)
«Արմենիա» ՀԸ վերջերս ներկայացրեց «Հայը» տեսաֆիլմը, որի առանցքը հայն է ու համաշխարհային պատմության մեջ նրա ունեցած դերը։ Տեսաֆիլմում հեղինակը նկատում է՝ հայերը կարևոր դիրք են ունեցել համաշխարհային առևտրային, գործարար, քաղաքաշինական կյանքում: Նրանց ճարտարապետական հետքն այսօր էլ նկատվում է աշխարհի քաղաքներում:
«Հայը» ֆիլմը պատմում է նաև Հայաստանում միլիոնների ներդրում ունեցած, գիտակրթական, հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման մեջ իր մեծ ավանդն ունեցող, շուրջ 20 տարի գործունեություն ծավալող «Տաշիր» բարեգործական ընկերության մասին, որի հիմնադիրը ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանն է:
Հիվանդանոցներից մինչև դպրոցների, մանկապարտեզների ու ուսումնական այլ հաստատությունների կառուցում, երիտասարդ տաղանդների և ուսանողների աջակցում, լայնածավալ մարզական նախաձեռնությունների ֆինանսավորում, Հայաստանի և Արցախի պատմական և հոգևոր արժեքների պահպանում, եկեղեցիների կառուցում ու վերականգնում, մի խոսքով՝ 180 մլն դոլար՝ Հայաստանում և Արցախում բարեգործական նախագծերի իրականացման համար. «Տաշիր» հիմնադրամի 20-ամյա ուղին հարուստ է:
Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի խոսքով՝ հայ եկեղեցին միշտ կարևոր դեր է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ, համախմբել է, պահել, պահպանել, և շատ ողջունելի է, որ մեծահարուստները վերանորոգում են դրանք, չեն հեռանում եկեղեցուց, միջոցներ են հատկացնում և օգնում են եկեղեցուն. «Կարևոր է, որ եկեղեցիները, մշակութային արժեքները պահպանվեն, և գովելի է, որ մեծահարուստները, աշխատասեր ժողովուրդը մասնակցեն դրանց, որովհետև եկեղեցին կարևոր դեր է ունեցել ու ունի հայ ժողովրդի պատմության մեջ»։
Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու Տեր Եսայի քահանան առհասարակ նման ֆիլմերը դիտարկում է որպես հաշվետվություն, ինչը որպես երևույթ շատ բնական է և նորմալ, երբ ինչ-որ կերպ որևէ անհատի համար որևէ կառույցի գործունեության հաշվետվությունն է ներկայացվում ֆիլմի տեսքով, և դա ընդունված պրակտիկա է մեզանում:
«Այս ամեն ինչի մեջ շատ ավելի կարևոր է ուշադրություն դարձնել հենց այն երևույթի վրա, որ մարդիկ անում են բարեգործություն, որ մարդիկ եկեղեցի են վերականգնում, վերանորոգում կամ կառուցում և ոչ միայն եկեղեցիներ, այլ նաև մշակութային օջախներ և նման հաստատություններ, որոնք մեր ազգի կրթական և հոգևոր դաստիարակությանը պետք է ծառայեն»:
«Հայը» առաջին ֆիլմն է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի բարեգործության մասին, այս հիմնադրամը ստեղծել է ռուսաստանաբնակ բարերար Սամվել Կարապետյանը: Ֆիլմում ներկայացվածը բարեգործությունների մի մասն է, նախագծերից շատերի մասին, հավանաբար, երբևէ չեն տեղեկացվի, որովհետև բարի գործերի մեջ ամենագնահատելին դրանք քողարկելու ցանկությունն է:










