Ես այսքան ժամանակ չեմ կրճատել իմ աշխատակիցներին, գնալու եմ իրենց հետ հանդիպման. Գագիկ Ծառուկյանը՝ «Արարատցեմենտի» աշխատակիցների մասին
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որը նաև «Արարատցեմենտ» գործարանի սեփականատերն է, հանդիպելու է գործադուլ հայտարարած աշխատակիցների հետ։
«Ես իմ ժողովրդի, աշխատակիցների ցավը տանեմ, էսքան ժամանակ չեմ կրճատել, ես գնալու եմ իրենց հետ հանդիպման, ասել եմ՝ գնացեք տուն, դուրսը մի մնացեք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը:
Նա շեշտեց, որ տեղական արտադրությունը պահելու համար իրենք համաձայնել են ցեմենտի գինը 50 հազարից իջեցնել 40 հազար: Ըստ նրա՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը դեմ է գնում կառավարության ավելի վաղ կայացրած որոշմանը։
«Հիմա փորձում է ծանոթ-բարեկամներով հարցերն այլ կերպ կարգավորել, որպեսզի տեղական արտադրողը պաշտպանված չլինի: Առանց ամաչելու ասում են՝ Ծառուկյանի համար են արել: Ի՞նչ են արել, արել են տեղական արտադրողի ու ժողովրդի համար»,- եզրափակեց Գագիկ Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն 1000-ից ավել աշխատակիցներին հայտնել էր, որ աշխատանքից ազատման ծանուցագրեր են բաժանվելու: Երեկ առավոտյան աշխատակիցները հրաժարվել են վերցնել ծանուցագրերը, արտադրամասի պետերի մի մասն էլ հրաժարվել է դրանք բաժանել աշխատակիցներին: Նրանք գործարան տանող ճանապարհը փակել էին՝ ի նշան բողոքի:
Գործարանի աշխատակիցները ցեմենտարտադրության ոլորտում տեղի ունեցած զարգացումների հնարավոր պատճառ են համարում ՀՀ կառավարության` ներկրվող ցեմենտի մաքսատուրքն ավելացնելու որոշումը:
Նշենք նաև, որ «Արարատցեմենտ» գործարան տանող ճանապարհը կրկին փակ է, աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիան: Նրանք գիշերել են այնտեղ:










