Փարիզի Աստվածամոր այրվող տաճարը՝ Մակրոնի գլխին. Charlie Hebdo-ի սկանդալային շապիկը
Ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված սարսափելի հրդեհին անդրադարձել են աշխարհի բոլոր հեղինակավոր լրատվամիջոցները՝ խոր ափսոսանք հայտնելով բացառիկ ճարտարապետական, մշակութային և հոգևոր կոթողի մասնակի ավերման առնչությամբ:
Մինչդեռ ֆրանսիական երգիծական Charlie Hebdo շաբաթաթերթը, հավատարիմ մնալով իր ոճին, հանդես է եկել թեմատիկ, սկանդակային շապիկով:
Դրա վրա պատկերված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ծաղրանկարը. նախագահի գլխին այրվող տաճարն է:
«Բարեփոխումներ. Ես կսկսեմ կմախքային կառույցներից»,-գրված է շապիկին:
Թերթի խմբագրությունը նկատի ունի Մակրոնի խոստացած բարեփոխումները, որոնց իրականացումը որոշակի տարաձայնությունների պատճառով ձգձգվում է:
Հայտնի է, որ համացանցի օգտատերերը քննադատել են Charlie Hebdo-ին այսպիսի ողբերգության թեմայով «հումոր» անելու համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Մակրոնը խոստացել է «աշխարհի մեծագույն տաղանդների օգնությամբ վերակառուցել 850-ամյա տաճարը»: Բացի այդ, նա համազգային դրամահավաք է հայտարարել:
Ֆրանսիայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ գործարար Բեռնար Առնոն, որը LVMH կոնգլոմերատի նախագահն է, 200 մլն եվրո է նվիրաբերել Փարիզի Աստվածամոր տաճարի՝ սարսափելի հրդեհից հետո վերակառուցմանը: Միլիարդատիրոջ և նրա ընտանիքի հատկացրած գումարը կրկնակի ավելի է մեկ այլ ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա Անրի Պինոյի նվիրաբերած գումարից:
Ֆրանսիայի մշակութային և հոգևոր խորհրդանիշն ի սկզբանե կառուցված է եղել 1300 ծառից, ինչն էլ շինության հրավտանգ լինելու գլխավոր պատճառն է: Հրդեհը կարճ ժամանակում տարածվել է դրա՝ ամբողջովին փայտից կառուցված ներքին սրահում: Այնուհետև փլուզվել է աշտարակներից մեկը:
Ութ հարյուր հիսուն տարի առաջ կառուցված տաճարի կմախքն ամբողջությամբ գերաններից էր:





















