Ճամայկայում կոկորդոլիսի հարձակման հետևանքով տղամարդը կորցրել է մեկ ոտքը
Ճամայկայի Պուր-Մենզ-Կորներ քաղաքում կոկորդիլոսը հարձակվել է տղամարդու վրա, ինչի հետևանքով նա կորցրել է մեկ ոտքը: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` աշխատանքից հետո 48-ամյա Նայջել Գեյլը, որը մասնագիտությամբ էլեկտրիկ է, գնացել է լողափ` զովանալու: Երբ նա ջուրն է մտել, կոկորդիլոսը հարձակվել է նրա վրա: Տղամարդն օգնություն է կանչել, սակայն լողափին ոչ ոք չի եղել: Արդյունքում, կոկորդիլոսը վնասել է նրա ոտքը:
Գեյլին մի կերպ հաջողվել է դուրս գալ ափ, բարձրանալ այնտեղ գտնվող հին սառնարանի վրա և գոտիով կապել ոտքը` արյունը դադարեցնելու համար:
Վիրավոր էլեկտրիկը ստիպված է եղել ողջ գիշեր լողափում անցկացնել: Նա պատմել է, որ կոկորդիլոսը պարբերաբար մոտենում էր սառնարանին, սակայն երբ ինքը գոռում էր, սողունը հետ էր գնում: Առավոտյան Գեյլն անցորդներից մեկի օգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա ոտքը կտրել են:










