Ավստրալիայի ընդդիմության առաջնորդը կոչ է արել ավստրալացիներին նվիրատվություններ անել Փարիզի Աստվածամոր տաճարը վերակառուցելու համար

11:57 • 16.04.19

Ավստրալիայի Լեյբորիստական կուսակցության ղեկավար Բիլ Շորթենը կոչ է արել ավստրալացիներին Փարիզի Աստվածամոր տաճարի վերանորոգման համար բարեգործական հիմնադրամ ստեղծել, գրում է Daily Mail-ը:

«Փարիզի Աստվածամոր տաճարը միայն Ֆրանսիային չի պատկանում, այն պատկանում է ամբողջ աշխարհին: Բոլոր նրանք, ովքեր հիացել են այդ ճարտարապետական և պատմական կառույցով, լավ կլիներ՝ օգնեին Փարիզին այն վերակառուցել»,- ասել է քաղաքական գործիչը:

Ավստրալիայի ֆինանսների նախարար Ջոշ Ֆրայդենբերգը կողմ է արտահայտվել հիմնադրամ ստեղծելու գաղափարին, սակայն վստահություն է հայտնել, որ փարիզցիները կաջակցեն քաղաքի խորհրդանիշը դարձած գոթական տաճարի վերանորոգմանը և որ ֆինանսական միջոցների պակաս չի լինի:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով փլվել է տաճարի աշտարակը: Դեպքի վայր են ժամանել Ֆրանսիայի նախագահն ու վարչապետը: Հրդեհաշիջման աշխատանքներին շուրջ 400 հրշեջ է մասնակցել: Հրդեհի հետևանքով տաճարը մեծապես տուժել է:

Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ հրդեհը կարող է կապված լինել տաճարում վերանորոգման աշխատանքների հետ:

Ավելի ուշ հաղորդվել էր, որ կրակը մարվել է, իսկ շինությունների փլուզումը շարունակվում է: Տաճարից փրկված արժեքավոր գործերը Լուվրի թանգարան կտեղափոխվեն: