ԲՀԿ-ն քաղաքական շահե՞ր, թե ինչ-որ մեկի բիզնես շահերն է ներկայացնում ԱԺ-ում, ամբողջ խմբակցությունը ֆիքսվել է մեկ ընկերության վրա․ Բաբկեն Թունյան (տեսանյութ)

13:57 • 16.04.19

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը չգիտի, թե ինչ նկատի ունի ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, երբ ակնարկում է ծանոթ-բարեկամների մասին։ Նա հորդորեց լրագրողներին անձամբ Ծառուկյանից հարցի պատասխանը ստանալ։

«Եթե  լրագրողների  հարցերին Գագիկ Ծառուկյանը չի պատասխանել, ուրեմն պատասխան չունի»,- ասաց նա։

Թունյանը, պատասխանելով հարցին՝ այսինքն՝ անհի՞մն է Ծառուկյանի մեղադրանքը, նշեց․ «Հիմա ով ինչ ասի, ես պետք է արդարանա՞մ: Իրենք իրենց ասածների համար թող պատասխան տան: Ես հերքում եմ Ծառուկյանի ասածները: Այդ խմբակցությանը մի բան էլ կարող եք հարցնել, թե իրենք այստեղ քաղաքական շահե՞ր, թե ինչ-որ մեկի բիզնես շահերն են ներկայացնում: Ամբողջ խմբակցությունը ֆիքսվել է մեկ ընկերության վրա ու մեղադրում է, թե ծանոթ-բարեկամ ունես, ինչն անհասկանալի է»։

Պատգամավորը վստահեցրեց` ցեմենտի գործարանի մասով հանձնաժողովում բոլոր հիմնավորումները մանրամասն հնչեցրել են։ Նրա խոսքով՝ խորհրդարանի տնտեսագիտական փորձաքննության վարչությունն էլ իր եզրակացությունն է ներկայացրել այն մասին, թե կառավարության ներկայացրած նախագիծն ինչ ռիսկեր ու վտանգներ է պարունակում: Նա նկատեց, թե հարցը քննարկելու դեռ երկար ժամանակ կա, որտեղ էլ ավելի մանրամասն բացատրություններ կլինեն։

Հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկե՞լ են ցեմենտի գործարանի հարցը, հանձնաժողովի նախագահը բացասական պատասխան տվեց:

«Կառավարությունից մեր աշխատանքներին չեն միջամտում, Ազգային ժողովը կառավարությունից առանձին մարմին է, առանձին թև է: ԱԺ-ն նաև նրա համար է, որ ֆիլտրի կառավարության բերած նախագծերը, ու այս դեպքում շատ ավելի հակասական է ստացվում, որ կառավարության ծրագրին «Իմ քայլը» շատ ավելի դեմ է, քան ԲՀԿ-ն»,- եզրափակեց Բաբկեն Թունյանը։

ՀեղինակԱնի Օհանյան