Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար արդեն հավաքվել է 1 մլրդ եվրո. Associated Press

13:22 • 17.04.19

Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար մեծահարուստների և խոշոր ընկերությունների ջանքերով արդեն հավաքվել է 1 մլրդ եվրո, գրում է apnews.com-ը:

Հաղորդվում է, որ միջոցները հիմնականում ստացվում են խոշոր ընկերություններից ու ձեռնարկատերերից, ինչպես նաև 4 հասարակական հիմնադրամների միջոցով, որոնք ընտրել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դրամահավաք հայտարարած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է վերակառուցումն ավարտել առաջիկա հինգ տարում:

Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը բռնկվել էր ապրիլի 15-ի երեկոյան՝ 93 մ բարձրությամբ սայրաձողի հիմքում, ինչից հետո հրդեհն արագորեն տարածվել էր փայտաշեն տանիքով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, եթե ֆրանսիացի հրշեջներին ևս 15-30 րոպե չհաջողվեր մարել տաճարում բռնկված խոշոր հրդեհը, ապա կարևոր պատմամշակութային կոթողն ամբողջությամբ կավերվեր:

Հրշեջները, վտանգելով սեփական կյանքը, թույլ չեն տվել կրակին հասնել զանգերի աշտարակներին: Նրանք ջրային պատնեշ են ստեղծել մոլեգնող հրդեհի և տաճարի արևմտյան հատվածում գտնվող երկու աշտարակի միջև: Ընդհանուր առմամբ, ավելի քան 500 հրշեջներից 15 ժամ է պահանջվել կրակն ամբողջությամբ մարելու համար:

Ըստ փորձագետների՝ տաճարի ապագան դեռևս անորոշ է: