Իտալացի երկու ուսանող տուգանվել է 13-ական մլն եվրոյով՝ անտառում խորոված անելու համար

22:12 • 17.04.19

Իտալիայի Կոմո շրջանում բռնկված անտառային խոշոր հրդեհի համար մեղադրվում է իտալացի երկու ուսանող, որոնցից յուրաքանչյուրը տուգանվել է 13,5 մլն եվրոյով:

Ինչպես հայտնում է BBC News-ը, 22-ամյա ուսանողները խորոված էին պատրաստում իրենց պապերից մեկին պատկանող անտառային տնակում, երբ հրդեհ է բռնկվել: Միջադեպը տեղի է ունեցել 2018-ի դեկտեմբերի 30-ին:

Խոշոր տուգանքի չափը հաշվարկել են տեղի պաշտոնյաները՝ կրակի հասցրած վնասի չափը որոշելու բանաձևի հիման վրա: Ուսանողներից մեկն իտալական լրատվամիջոցներին հայտնել է, որ իրենք «քավության նոխազ» են դարձել:

Ուսանողներից մեկը նշել է, որ շատ է ցավում, սակայն կրակի բռնկման տարբեր պատճառներ կան: «Մենք քավության նոխազ ենք դարձել հրդեհի համար, որի ծագումը հնարավոր չէր բացատրել: Մենք այս պատմության իրական զոհերն ենք», - ասել է նա: