Փարիզի Աստվածամոր տաճարի աշխատակիցները 23 րոպե փորձել են ինքնուրույն գտնել հրդեհի օջախը. Buzzfeed
Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհի բռնկման տագնապի ազդանշանն առաջին անգամ հնչել է երեկոյան ժամը 18:20-ին, սակայն տաճարի աշխատակիցները հրշեջ ծառայություն զանգահարելու փոխարեն անգին րոպեները (23 րոպե) վատնել են հրդեհի օջախն ինքնուրույն գտնելու համար: Այս մասին գրում է buzzfeednews.com-ը՝ մանրամասնելով, որ աշխատակիցներին այդպես էլ չի հաջողվել հայտնաբերել օջախը: Ուստի՝ նրանք որոշել են, որ ահազանգը կեղծ է եղել, և որ հրդեհ չի բռնկվել:
Աղբյուրը մանրամասնում է, որ հրդեհի բռնկման երկրորդ տագնապը հնչել է ժամը 18:43-ին, ինչից հետո միայն հրշեջ ծառայություն են զանգահարել:
Փարիզի դատախազ Ռեմի Հեյցը լրագրողներին հայտնել է, որ կատարվածը, ամենայն հավանականությամբ, պատահականության հետևանք է, այնուհանդերձ՝ հրդեհի պատճառների վերաբերյալ հետաքննությունը լինելու է «երկար և բարդ»:
Տաճարի ռեկտոր մոնսինյոր Պատրիկ Շավեն հարցազրույցում պատմել է, որ աշխատակիցներն օրական երեք անգամ կտուր են բարձրանում կառույցի փայտաշեն կմախքի անվտանգությունը ստուգելու համար:
«Անվտանգության տեսանկյունից չեմ կարծում, որ մենք կարող էինք ավելին անել»,-ասել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, եթե ֆրանսիացի հրշեջներին ևս 15-30 րոպե չհաջողվեր մարել Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված խոշոր հրդեհը, ապա կարևոր պատմամշակութային կոթողն ամբողջությամբ կավերվեր:
Հրշեջները, վտանգելով սեփական կյանքը, թույլ չեն տվել կրակին հասնել զանգերի աշտարակներին: Նրանք ջրային պատնեշ են ստեղծել մոլեգնող հրդեհի և տաճարի արևմտյան հատվածում գտնվող երկու աշտարակի միջև: Ընդհանուր առմամբ, ավելի քան 500 հրշեջներից 15 ժամ է պահանջվել կրակն ամբողջությամբ մարելու համար:
Ըստ փորձագետների՝ տաճարի ապագան դեռևս անորոշ է:
Պատմական տաճարի վերակառուցման համար ֆրանսիացի մեծահարուստների և խոշոր ընկերությունների ջանքերով արդեն հավաքվել է ավելի քան 650 մլն եվրո: Դրամահավաք հայտարարած նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է վերակառուցումն ավարտել առաջիկա հինգ տարում:
Հիշեցնենք, որ կրակը բռնկվել էր ապրիլի 15-ի երեկոյան՝ 93 մ բարձրությամբ սայրաձողի հիմքում, ինչից հետո հրդեհն արագորեն տարածվել էր փայտաշեն տանիքով:










