Հաղորդում չեն ներկայացրել. Ոստիկանությունը՝ #sutNikol նախաձեռնության գրաֆիտիները մաքրողների գործողությունների մասին
Համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում երևում էր, թե ինչպես են մի խումբ քաղաքացիներ #sutNikol նախաձեռնության անդամների կողմից արված գրաֆիտիները մաքրում:
Tert.am-ը ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հետաքրքրվեց՝ արդյոք ոստիկաները հետևե՞լ են քաղաքացիների գործողություններին, նրանցից բացատրություն վերցրե՞լ են, կամ բերման ենթարկե՞լ են, ինչպես #sutNikol նախաձեռնության անդամներին էին բերման ենթարկել:
«Մեզ հաղորդում չեն ներկայացրել, եթե կան տարածված նյութեր, կուսումնասիրենք»,-նշեցին ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին ոստիկանության կենտրոնի բաժին էին բերման ենթարկվել #sutNikol նախաձեռնության համակարգողներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը:
Նրանք ակցիա էին իրականացրել Երևանի փողոցներում՝ #sutNikol գրությամբ գրաֆիտիներ էին արել Երևանի տարբեր հատվածներում:
Ավելի վաղ #sutNikol նախաձեռնության անդամների վերաբերյալ ոստիկանությունից հայտնել էին, որ ոստիկանության բաժին է բերվել 9 քաղաքացի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.2 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար. այն է՝ հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը։ Կազմվել է համապատասխան արձանագրություն, բոլորը ազատ են արձակվել:










