Արենիում տեղի է ունեցել գաստրո բակի բացման արարողությունը

20:28 • 17.04.19

 

ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում այսօր տեղի է ունեցել գաստրո բակի  պաշտոնական բացման արարողություն, որը կազմակերպել էր Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարության հետ համատեղ: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Միջոցառմանը մասնակցել են  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Հայաստանում ՌԴ  դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Ալեքսեյ Սինեգուբովը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը:

Գաստրո բակերի հայեցակարգի իրականացման ծրագիրը մեկնարկել է դեռևս 2018 թվականին։ Անցած տարի գաստրո բակեր են բացվել Տավուշի և Արագածոտնի մարզերում:

Գաստրո բակերը յուրաhատուկ զբոսաշրջային վայրեր են, որտեղ զբոսաշրջիկները հնարավորություն ունեն համտեսել հայկական ուտեստներ, ականատես լինել գինու ստեղծման ընթացքին և շփվել տեղի բնակիչների հետ:

Նախարար Սուրեն Պապիկյանն իր բացման խոսքում շնորհակալություն է հայտնել ՌԴ կառավարությանն ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին` Հայաստանի գյուղական համայնքներում զբոսաշրջային ենակառուցվածքների զարգացման հայեցակարգը կյանքի կոչելու համար և նշել, որ այս անգամ արդեն Արենիում գաստրո բակի կառուցումը ևս մեկ նշանակալի   նախադեպ կարող է հանդիսանալ Հայաստանի մյուս համայնքների համար։ «Մենք շահագրգռված ենք Հայաստանի գյուղական համայնքներում տուրիզմի զարգացման հեռանկարով , և գաստրո բակերի մշակույթի ներդրումը հիանալի հնարավորություն է այն կյանքի կոչելու համար։ Գյուղական համայնքների կոլորիտային առօրյան նման նախադեպով ներկայանալի դարձնելը լրացուցիչ խթան կհանդիսանա, որպեսզի մեր համայնքները և՛ բնակիչների, և՛ զբոսաշրջիկների համար դառնան ավելի գրավիչ, տեսանելի ու իհարկե հետաքրքիր»,- ասել է նախարարը։

«Ես հույս ունեմ, որ գաստրո բակը կհետաքրքրի բազմաթիվ զբոսաշրջիկների և կդառնա նրանց սիրված վայրերից մեկը, որտեղ նրանք կզգան հայկական շունչն ու տրամադրությունը», - իր խոսքում նշել է Հայաստանում ՌԴ  դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Ալեքսեյ Սինեգուբովը:

«Ուրախ եմ այսօր գտնվել այստեղ և ազդարարել գաստրո բակի բացումը: Լիահույս եմ, որ զբոսաշրջիկներն այստեղ կվայելեն հայկական ավանդական ուտեստներ, կծանոթանան տեղի մշակույթին և անպայման կվերադառնան նոր հիշողությունների ակնկալիքով: Բակի ամենակարևոր գործառույթներից է ձևավորել մշակույթ տեղական համայնքներում և ոգևորել տեղի բնակիչներին` վերածել զբոսաշրջությունը եկամտի կայուն աղբյուրի: Այս յուրատեսակ բակի հիմնումը կարևոր քայլ է այդ ուղղությամբ», - ասել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը։

«Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրն աջակցում է Հայաստանի գյուղական համայնքներին՝ ստեղծելու այլընտրանքային եկամտի աղբյուրներ գյուղաբնակների համար  զբոսաշրջության զարգացման միջոցով: Ծրագրի առաջնային խնդիրներից է կրթել և ներգրավել տեղական համայնքներին՝ քաջալերելով նրանց մշակել նոր լուծումներ զբոսաշրջիկներին գրավելու համար: