Քիմ Քարդաշյանը ներկա է եղել Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում Ռոբերտ Քարդաշյանի անվան կենտրոնի բացման արարողությանը
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը ներկա է եղել Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում հանգուցյալ հոր՝ ԱՄՆ-ում հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի անվան կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, խոսքը Ռոբերտ Քարդաշյանի անվան կերակրափողի առողջության կենտրոնի մասին է: Հայտնի է, որ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթականների ընտանիքում ծնված ապագա փաստաբանը մահացել է 2003թ.՝ կերակրափողի քաղցկեղից:
«Մենք սա ծրագրում էինք մեկ տարի: Ցանկությունս է, որ մյուս ընտանիքներն ավելի շատ տեղեկացված լինեն այս հիվանդության մասին, և որ մենք ավելի շատ կենտրոնանանք առողջության պահպանման ու հիվանդությունների կանխման վրա: Մենք արդեն կտրել ենք ժապավենն ու պատրաստվում ենք լուսանկարվել բժիշկների հետ: Բոլորով այստեղ ենք: Հայրիկիս կողմն ամբողջական կազմով եկել է աջակցելու»,-նշել է Քարդաշյանը:
Հայտնի է, որ միջոցառմանը ներկա են եղել նաև Քլոե Քարդաշյանն ու Ռոբերտ Քարդաշյանի նախկին կինը՝ Քրիս Ջեները:
















