«Օղակաձև այգում ապամոնտաժվող շինությունն ինքնակամ է, լքյալ». քաղաքապետարանի ներկայացուցիչ (տեսանյութ)

16:35 • 17.04.19

Երևանի Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների կողմից տվյալ պահին իրականացվում են Օղակաձև զբոսայգու 5-րդ գոտում գտնվող, ինքնակամ շինության հետևանքները վերացնելու աշխատանքներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Ռոբերտ Դարբինյանը: Նրա խոսքով՝ քանդման  թույլտվությունը տրված է, առկա են քաղաքաշինական բոլոր փաստաթղթերը:

«Նշված տարածքը լքյալ է, տարիներ շարունակ որևէ տնտեսավարողի կողմից չի օգտագործվել, որևէ պայմանագիր առկա չէ, հետևաբար որևէ անձ չի նախազգուշացվել: Երևան համայնքը հանդիսանում է տվյալ հատվածի սեփականատերը, մենք ենք կրում ինքնակամ շինության հետ կապված ռիսկերը, դրա հետևանքները վերացնելու պատասխանատվությունը ևս, և հաշվի առնելով դա՝ քաղաքապետի որոշման հիման վրա նշված շինությունը ապամոնտաժվում է: Այն այս տարիների ընթացքում վերածվել էր աղբավայրի»,-ընդգծեց նա:

Ռոբերտ Դարբինյանը տեղեկացրեց, որ Օղակաձև զբոսայգու մնացած բոլոր գոտիները նույնպես գտնվում են ուսումնասիրության փուլում, արդյունքները կամփոփվեն և կայցված որոշման վերաբերյալ հասարակությանը կիրազեկեն:

Նրա խոսքով՝ նշված աշխատանքներով  ժողովրդին կանաչ տարածքները վերադարձնելու նպատակ ունեն:

Մանրամասները՝ տեսանյութում: