Քաղաքապետը Սև բերդ ամրոցը գնել է մասնավորից, որն այն 2 10-ամյակ առաջ է սեփականաշնորհել. Գյումրու քաղաքապետարանը՝ Նազելի Բաղդասարյանին

14:35 • 17.04.19

Ցավում ենք, որ պատգամավորը տարբերություն չի տեսնում պաշտոնյայի կողմից հանրային գույքը սեփականաշնորհելու և երկու տասնամյակ առաջ սեփականշնորհված կառույցը մասնավորից գնելու մեջ, ինչն էլ տեղի է ունեցել Սև բերդի պարագայում: Այս մասին հայտնել է   Գյումրու քաղաքապետարանից՝  անդրադառնալով ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի՝ Սև բերդի մասին արված հայտարարությանը:

«Պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ԱԺ բարձր ամբիոնից հայտարարություն հնչեցրեց` Գյումրու պատմամշակութային արժեքների պահպանման համատեքստում՝ շոշափելով Բալասանյան ազգանունը:

Ցավում ենք, որ պատգամավորը տարբերություն չի տեսնում պաշտոնյայի կողմից հանրային գույքը սեփականաշնորհելու և երկու տասնամյակ առաջ սեփականաշնորհված կառույցը մասնավորից գնելու մեջ, ինչն էլ տեղի է ունեցել Սև բերդի պարագայում: Միևնույն ժամանակ մշակույթով մտահոգ մարդկանց հիշեցնենք, թե ինչ տեսք ուներ Սև բերդը մինչև Բալասանյան ընտանիքի կողմից ձեռք բերվելն ու ինչ տեսք ունի հիմա: Նաև ներկայացնենք մշակութային այն միջոցառումների ցանկը (ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, մաեստրո Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկո (2016թ.) , «Գյումրի ռոք-ֆեստ 2016», 2018թ. Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված մեծամասշտաբ միջոցառում և այլն), որոնք իրականացվել են այնտեղ վերանորոգումից հետո: Ուշադրություն դարձրեք՝ անվճար:

Կիսելով տիկին Բաղդասարյանի մտահոգությունը Գյումրու պատմական արժեքների պահպանման մասով՝ նրան և բոլոր շահագրգիռ անձանց սիրով հրավիրում ենք ծանոթանալու Բալասանյանների կողմից Սև բերդի ձեռք բերման գործընթացի մանրամասներին և վերականգման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:

Հուսով ենք՝ դրանից հետո տիկին Բաղդասարյանը կկիսի հանրության հետ իր ունեցած տեղեկատվությունը:

Հ.Գ. Գյումրիում կա կիսավեր և լքված ևս մեկ մշակութային կոթող՝ «Պայտաձև ամրոցը», որը սպասում է մտահոգ և հոգատար ձեռքի»,-ասված է հայտարարության տեքստում:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության գյումրեցի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը նշեց, որ Գյումրու պատմական կենտրոնում կատարվել են ապօրինություններ ու առաջարկեց դրանք ուսումնասիրելու համար խորհրդարանական հանձնաժողով ստեղծել:

Նա հայտարարեց, որ Սև բերդ ամրոցը գտնվում է Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքի տիրապետման ներքո: