Ասանժին Եվրախորհրդարանի սահմանած Լրատվամիջոցների ազատության մրցանակ է շնորհվել

12:59 • 17.04.19

Սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն արժանացել է Եվրախորհրդարանի սահմանած Լրատվամիջոցների ազատության մրցանակին, որը սահմանվել է ի հիշատակ մալթացի լրագրող Դաֆնի Կարուանա Գալիզիայի:  

Բայց քանի որ Ասանժն այժմ անազատության մեջ է, նրա փոխարեն մրցանակը ստացել է Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Մեյրիդ Կորիգանը:

Ինչպես հայտնում է The Sydney Morning Herald-ը, մրցանակի հանձնման արարողությունը կայացել է Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի շենքում:

Աղբյուրը մանրամասնում է, որ տվյալ մրցանակը շնորհվում է ճշմարտությունը բացահայտող ու այն հանրությանը ներկայացնող անձանց կամ խմբերին, որոնք իրենց գործունեության պատճառով հետապնդումների են ենթարկվում կամ ազատազրկվում:

Հիշեցնենք, որ Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը յոթ տարի ապաստանելուց հետո ձերբակալվել էր ու տեղափոխվել Լոնդոնի բանտերից մեկը: Այժմ նրան սպառնում է ԱՄՆ արտահանձնում, որտեղ լրագրողին կարող են մահապատժի դատապարտել երկրի գերգաղտնի պետական տեղեկությունները հրապարակելու համար: