ՔՊ-ն Աբովյանի քաղաքապետի ընտրություններին թեկնածու է առաջադրելու. Ռոմանոս Պետրոսյան (տեսանյութ)
Իմ հարաբերությունները տեղական ինքնակառավարման մարմինների ցանկացած ներկայացուցիչների հետ գործնական են և պայմանավորված են բացառապես ՏԻՄ օրենքով և այլ իրավական ակտերով. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչպիսին են նրա հարաբերությունները Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի հետ:
«Այս փուլում Աբովյանում վարչական վերահսկողության արդյունքում ի հայտ եկած առերևույթ մի շարք իրավախախտումներ ներկայացվել են մարզի դատախազին իրավական գնահատական տալու՝ այդ թվում քաղաքաշինական նորմերի, համայնքային ենթակայության հողային քաղաքականության առումով, ինչպես նաև որոշակի փաստեր ունենք կոմունալ տնտեսության հետ կապված և այլն: Այս պահին դա իրավապահների ուսումնասիրության տիրույթում է, որից հետո իրավական գնահատականը կտրվի: Դա որևէ նշանակություն չունի մեր ընթացիկ գործունեության առումով: Եթե քաղաքում ունենք որևէ նոր ձեռքբերում, որևէ նոր ձեռնարկություն՝ 20 աշխատատեղերի բացումով, ապա այդտեղ որևէ կաշկանդում և կոմպլեքս չունենք այդտեղ միասին «լենտերը կտրելու»,- ասաց մարզպետը:
Tert.am-ի հարցին՝ ընտրություններում ՔՊ-ն իր թեկնածուն ունենալո՞ւ է, Պետրոսյանը դրական պատասխան տվեց. «Անշուշտ, ուրախությամբ հայտարարեմ, որ երեկ երեկոյան ՔՊ վարչության նիստին մենք կողմնորոշվել ենք մեր թեկնածուի հարցում, և Աբովյանի քաղաքապետի ընտրություններին ՔՊ-ն առաջադրելու է իր թեկնածուին»,- հայտնեց նա:
Դիտարկմանը՝ հայտարարել էր, որ քաղաքապետը սաբոտաժի միջոցով ոչինչ չի անում, շարունակո՞ւմ է նույնը պնդել , նա պատասխանեց. «Չէի ասել, թե ոչինչ չի անում, ասել էի, որ գործ ունենք քաղաքական սաբոտաժի հետ: Քաղաքական սաբոտաժ այն իմաստով, որ Աբովյան քաղաքում մի քանի գործիքակազմեր ունենք, որոնցից ամենաարդյունավետը այս փուլում սուբվենցիոն ծրագրերն են և այն դեպքում, երբ Աբովյան քաղաքն իր բյուջեում ունի շուրջ 400 մլն դրամի ֆոնդ, բայց որևէ սուբվենցիոն ծրագիր չի ներկայացվում, դա քաղաքական սաբոտաժ է: Դրա արդյունքում քաղաքապետը ներկայացրեց մեկ սուբվենցիոն ծրագիր՝ աղբատար մեքենաներ և աղբամանների ձեռքբերման հետ կապված, ինչը շատ ողջունեցինք և դա դարձավ 70-րդ ծրագիրը Կոտայքի մարզից, բայց Աբովյան քաղաքը ես չէի ասի, թե ամենավերջին կամ 70-րդ քաղաքն է Կոտայքի մարզում»,- ասաց նա:
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում գործող քաղաքապետի շանսերը, մարզպետը կոռեկտ չհամարեց գնահատական տալ: «Նա հայտարարել է, որ առաջադրվելու է, այսօր ես հայտարարում եմ, որ նաև ՔՊ-ն է առաջադրելու իր թեկնածուին»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն դիմել էր Կոտայքի մարզի դատախազին՝ Աբովյան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կատարված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում արձանագրված խախտումները քննության առարկա դարձնելու նպատակով:
Սակայն թե՛ մարզպետը, թե՛ քաղաքապետը հերքել էին, որ իրենց հարաբերությունները լարվել են դրանից:










