Տրիպոլիի բնակելի հատվածին հրթիռային հարված է հասցվել (լուսանկարներ)

03:58 • 17.04.19

Մարշալ Հաֆթարին ենթակա բանակային ուժերը շարունակում են մարտական գործողություններ ծավալել Տրիպոլիում: Կրակագծում է հայտնվել Լիբիայի մայրաքաղաքի բնակելի հատվածը: Ինչպես հայտնում է The Libya Observer-ը, խորհրդային արտադրության «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հրթիռային հարվածից մահացել է 4 մարդ, ևս 23-ն ստացել են մարմնական վնասվածքներ: Նշվում է, որ հրթիռային հարվածները Լիբիայի մայրաքաղաքում շարունակվում են երրորդ օրն անընդմեջ:

Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն Լիբիայում մարտական գործողությունների արդյունքում զոհվածների թիվը հասել է 147-ի: Երկրում երկիշխանություն է տիրում 2011 թվականին Մուամմար Կադդաֆիի սպանությունից հետո: Լիբիայի արևելյան շրջանում իշխում է ընտրված խորհրդարանը, իսկ Տրիպոլիում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված ազգային համաձայնության կառավարությունը՝ Ֆաիզ Սարաջի գլխավորությամբ: