Քննարկումները ցույց կտան՝ կլինկերի վրա տուրքի դրույքաչափ սահմանե՞լ թե՞ ոչ․ ԱԺ-ում քննարկվեց «Պետական տուրքի մասին» նախագիծը
ԱԺ-ում քննարկման ներկայացվեց «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ներկայում հարցը քննարկվում է ոչ միայն ԱԺ սահմաններում, այլ ձեռնարկատերերի շրջանում ևս։
Նախարարն ասաց, որ Երևանի շուկայում Իրանից ներկրված ցեմենտն էապես ավելի էժան է, քան տեղական արտադրողն ունի իր արտադրողական ծախսերի արդյունքում։ Ըստ այդմ` էլ՝ ներկայացված նախագծերով փորձում են պաշտպանական միջոցառում կիրառել ՀՀ-ում ցեմենտ արտադրողների շուկայական դիրքերն ամրապնդելու նպատակով:
«Որպեսզի մի կողմից պայմաններ ստեղծենք, որ տեղական արտադրողը կարողանա մրցել ներմուծվող ցեմենտի հետ, բայց մյուս կողմից էլ չսահմանենք այնպիսի կարգավորումներ, որոնք իսպառ կբացառեն ներմուծվող ցեմենտի վաճառքի հնարավորությունը ցեմենտի շուկայում և դուրս գային մրցակցությունից։ Պետք է տեղական շուկայում մրցակցային գներ սահմանվեին»,-ասաց նա։
Ըստ նախարարի՝ նախորդ տարվա ընթացքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ներմուծվող ցեմենտը սպառման շուկայում ուներ գերակշիռ մաս: Հայաստանում 2018 թվականին ցեմենտի տարեկան իրացման ծավալները կազմում են մոտ 680 հազար տոննա, որից 512 հազար տոննան արտադրվել է Հայաստանում, իսկ 168 հազար տոննան ներմուծվել է:
«Ներկրման տեմպերն ավելի արագ են աճել և դա պայմանավորված է հարևան երկրում էապես էժան ցեմենտով»,-ասաց նա և նշեց, որ իրենց հաշվարկը ցույց է տալիս, որ 22 000 դրամ տուրքը ներմուծման համար այն բավարար չափն է, որ մեկ տոննայի համար սահմանվել է։
Նախարարն ասաց, որ հարցին առնչվող այլ դրվագ ևս ներկայացվել է։ «Ցեմենտի արտադրության միջանկյալ փուլում կլինկերի արտադրությունը մեծ շուկայում նրանով է առանձնահատուկ, որ ցեմենտ արտադրում են կլինկերից, նախնական քննարկմամբ՝ կլինկերի համար էլ պետական տուրք պետք է սահմանվեր նույն չափով, քանի որ վերամշակման ծախսերը բարձր չեն, որ ցեմենտ ստանան»,-ասաց նա և նշեց, որ ԱԺ հանձնաժողովում, սակայն քննարկումից որոշվեց, որ այստեղ տարբեր գնահատականներ կան, ուստի ԱԺ-ում համաձայնվել է, որ առաջին քվեարկությամբ զեկուցվի առանց կլինկերի վրա տուրքի դրույքաչափ սահմանելու առաջարկությամբ, ինչն էլ հանձնաժողովում հավանության է արժանացել։
Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այստեղ քննարկելով՝ բավական ժամանակ կունենան քննարկման համար, բոլոր կողմերի փաստարկներից հետո կորոշեն առաջինից երկրորդ ընթերցում այստեղ էլ տուրք սահմանվի, թե ոչ։ «Պատրաստ ենք գալ խելամիտ եզրակացության»,-ասաց նա։










