Պերուում երկրի նախկին նախագահի մահվան առնչությամբ համազգային սուգ է հայտարարվել
Պերուի կառավարությունը երկրի նախկին նախագահ Ալան Գարսիայի մահվան առնչությամբ եռօրյա սուգ է հայտարարել, գրում է El Peruano պարբերականը:
Համապատասխան փաստաթղթում ասվում է, որ համազգային սուգը կտևի մինչև ապրիլի 19-ը: Պարբերականի տվյալներով՝ երկրի բոլոր հանրային և ռազմական կառույցներում, բազաներում, նավերում, ոստիկանական տեղամասերում և այլ պետական հիմնարկություններում, ինչպես նաև Պերուում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների կառույցներում ազգային դրոշը կխոնարհվի:
Հիշեցնենք, որ Ալան Գարսիան, որը Պերուի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1985-1990 և 2006-2011 թվականներին, ինքնասպան էր եղել երեկ՝ այն բանից հետո, երբ ոստիկանության աշխատակիցները փորձել են կոռուպցիայի գործով ձերբակալել նրան:
Երկրի ներքին գործերի նախարար Կառլոս Մորանի խոսքով՝ երբ ոստիկանությունը նախկին նախագահի տուն է ժամանել, վերջինս խնդրել է իրեն փաստաբանին զանգահարելու ժամանակ տալ, այնուհետև առանձնացել է սենյակում և կրակել ինքն իրեն:
Գարսիան մահացել է Լիմայի հիվանդանոցներից մեկում:










