Թաիլանդում երեխաների խմբին քարանձավից փրկած բրիտանացին ինքն է թակարդվել քարանձավում
Բրիտանացի ջրասուզորդը, որը նախորդ տարվա ամռանն օգնել էր ավելի քան երկու շաբաթ Թաիլանդի քարանձավներից մեկում թակարդված 12 երեխաներին ապահով ցամաք դուրս բերել, ինքն է թակարդվել քարանձավում:
Ինչպես նշում է The Guardian-ը, Ջոշ Բրեթչլին արգելափակվել է ԱՄՆ-ի Թենեսի նահանգի քարանձավներից մեկում, երբ հանկարծակի սկսված տեղատարափ անձրևի հետևանքով թունելի մուտքը փակվել է, ու ջրասուզորդը ներսում է մնացել:
Բրիտանացու թիմակիցներին հաջողվել է ապահով դուրս գալ, սակայն նրանք, տեսնելով, որ Ջոշը բացակայում է, փորձել են սեփական ջանքերով բրիտանացուն գտնել: Հաջողության չհասնելուց հետո նրանք փրկարարների են կանչել:
Արկանզասից և Ֆլորիդայից ժամանած փրկարարները հայտնաբերել են ջրասուզորդին, որը քարանձավում է անցկացրել ավելի քան 24 ժամ:
«Երբ մենք գտանք Ջոշին, նա արթուն էր ու ամենևին էլ իրեն չէր կորցրել: Երբ նրան ցամաք հանեցինք, միակ բանը, որ խնդրեց, պիցցան էր»,-ասել է փրկարար թիմի անդամը:
Հիշեցնենք, որ 2018թ. հուլիսին Թաիլանդի Թհամ Լուանգ քարանձավից երեխաների 12 հոգանոց խմբի տարհանման գործողությանն օրեր շարունակ հետևել են միլիոնավոր մարդիկ:










