Ատոմ Ջանջուղազյանը ԼՀԿ-ի կողմից իր պաշտոնանկության հարցադրման պատճառները շահարկում որակեց

12:07 • 18.04.19

Կառավարության նիստում, նախքան օրակարգին անցնելը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կարևոր համարեց անդրադառնալ երեկ ԱԺ նիստում մեկնարկած խմբակցություններից մեկի հարցապնդմանը և այսօր հարցի քննարկման շարունակությանը:

Հիշեցնենք, որ ԼՀ խմբակցությունը Կառավարության կառուց­վածքի փոփոխությունների մասին օրենքի նախագծի շրջանակում հարցապնդում էր ուղարկել կառավարություն՝ պարզելու, թե ինչ սկզբունքով են կատարվում կրճատումնե­րը, որ ՊՈԱԿ-ներն ու ԾԻԳ-երն են կրճատվում, որքան միջոցներ են խնայվում այդ կրճատման հետևանքով, և արդյոք դրանք ուղղվելո՞ւ են աշխատավարձերի և թոշակ­ների բարձրացմանը:

Ըստ ԼՀԿ-ի՝ Ֆի­նանսների նախարարությու­նը հարցապնդմանը տվել է նույնաբովանդակ և կոնկրե­տություն չպարունակող պա­տասխաններ, ինչը ԼՀԿ նա­խագահ էդմոն Մարուքյանը բնորոշեց վիրավորական և խորհրդարանական կառա­վարման հավակնող երկրի համար վատ տարբերակ: 

Օգտվելով Սահմանադրու­թյան և «ԱԺ կանոնակարգ» օրենքի ընձեռած հնարավորությունից՝ Մարուքյանը դրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշ­տոնանկության հարցը: 

Ջանջուղազյանը նշեց, որ ցանկանում է երկու շեշտադրում անել, որովհետև այդ հարցը իր ընկալմամբ շահարկվել է: «Վերաբերմունքը, որ չափազանց հարգալից և ինստիտուցիոնալ  է ԱԺ նկատմամբ, ԱԺ-ում մեկնաբանվել է որպես անհարգալից վերաբերմունք: Ես կցանկանայի, որ հստակ և մեկընդմիշտ այս հարցը հստակեցվի. հարգանքը ինստիտուտի նկատմամբ չունի այլընտրանք՝ թե´ որպես ամբողջական միավոր՝ որպես ԱԺ, թե´ որպես խմբակցություն, թե´ որպես առանձին պատգամավոր, որովհետև նրանցից յուրաքանչյուրը ինստիտուտ է և, հետևաբար, այդ մեկնաբանությունն այլ կերպ ընկալել, քան շահարկման փորձ, դժվար է»,- ասաց ֆինանսների նախարարը:

Ջանջուղազյանը նշեց, որ երկրորդ դիտարկմամբ կցանկանար վերահաստատել այն պատասխանները, որոնք ներկայացվել էին ի պատասխան հարցադրմանը: «Ուզում եմ ավելացնել, որ այդ հարցի քվեարկության ժամանակ բացակայությունն ԱԺ-ում մեկնաբանվել է որպես անհարգալից վերաբերմունք: Ուզում եմ հստակ լինի, որ կանոնակարգը որևէ մասնակցություն ԱԺ ներքին հարցի քննարկմանը չի նախատեսում, հետևաբար, իմ ներկայությունը կլիներ նույնքան նշանակալի, որքան Ազգային ժողովի բոլոր հարցերի քննարկման ժամանակ, իմ ներկայությունը կարող է լինել՝ անկախ նրանից, թե ինչ մասնակցություն ունեմ ես՝ որպես կառավարության լիազոր ներկայացուցիչ»,- ասաց նա:

ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանն էլ նշեց, որ ԱԺ-ի և ԱԺ խմբակցությունների ու պատգամավորների նկատմամբ հարգանքը չունի որևէ այլընտրանք: Վարչապետի կարծիքով՝ նման արձագանքները պետք է վերլուծել և նման դեպքերի համար մշակել որոշակի վարքագծային կանոններ: «Եթե դա շատ կարևոր է, չեմ կարծում, թե մեծ խնդիր է, որ մենք կազմակերպենք բոլոր քվեարկություններում կառավարության ներկայացուցիչների ներկայությունը»,- ասաց նա և իր աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց. «Պարոն Աղաջանյան, այդ հարցը քննարկեք նաև խմբակցությունների ներկայացուցիչների հետ, եթե անհրաժեշտ է այդպիսի վարքագծային կանոն մտցնել, ես որևէ խնդիր չեմ տեսնում, որ այդ հարցը լուծվի»:

Վարչապետը միևնույն ժամանակ նշեց, որ տվյալ դեպքում կարող են շատ լուրջ բարդություններ առաջանալ, որովհետև երբեմն տասնյակ օրենքներ ու նախագծեր են քննարկվում: «Եկեք փորձենք պատկերացումները կիսել ԱԺ խմբակցությունների հետ և գալ ընդհանուր հայտարարի, թե որ դեպքերում ինչպես պետք է դա տեղի ունենա և եթե կա անհրաժեշտություն, կարելի է նաև օրենսդրական փոփոխություններով կարգավորել այդ հարցը, բայց նաև կարծում եմ, որ վատ չի լինի, որ մենք աշխատանքային կարգով այդ հարցերը քննարկենք, պատկերացումներն առնվազն մոտարկենք, որ այդպիսի իրավիճակներ չլինեն»,- եզրափակեց վարչապետը:


Ամալյա Առաքելյան