Կա որոշակի լարվածություն, ավելի ճիշտ՝ էմոցիոնալ ֆոն․ Լիլիթ Մակունցը՝ ԱԺ մթնոլորտի մասին (տեսանյութ)

15:29 • 18.04.19

Կա որոշակի լարվածություն, ավելի ճիշտ՝ էմոցիոնալ ֆոն. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով  ԱԺ վերջին նիստերի ընթացքում տեղի ունեցած բանավեճերին։ Սակայն նա կարծում է, որ խնդիրը ստեղծվեց անձնական վիրավորանքներից։

«Էմոցիոնալ ֆոնը պայմանավորված է նրանով, որ մի քանի անգամ եղել են դիտարկումներ, կարծիքներ, հայտարարություններ, որոնք եղել են անձնական տիրույթում։ Կոնկրետ օրինակների չեմ անդրադառնա, քան որ կարծում եմ, որ Էմոցիոնալ ֆոնը պետք է ոչ թե էսկալացնել, այլ տարրալուծել»,- ասաց նա։

Մակունցին ամենևին չի նեղացնում ու զարմացնում ընդդիմության քննադատությունը։ Նրա գնահատմամբ՝ հենց քննադատությունն է ցույց տալիս, որ ՀՀ-ն գնում է ժողովրդավարացման ճանապարհով։

«Կարծում եմ՝ ընդդիմադիր գործիչներն անում են այն, ինչ պետք է անեն, այսինքն՝ պարբերաբար քննադատել թե՛ կառավարությանը, թե՛ խորհրդարանական մեծամասնությանը։ Սա նորմա՞լ երևույթն է, ժողովրդավարական պետության կարևորագույն բաղադրիչներից մեկն է, որևէ քննադատություն չեմ պատրաստվում հնչեցնել ընդդիմության նկատմամբ»,- ընդգծեց Լիլիթ Մակունցը։

Ինչ վերաբերում է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե միայն դատարկ-դատարկ խոսելով չէ, թող ժողովրդի հույսերն արդարացնեն, ներդրումներ բերեն, Լիլիթ Մակունցը նշեց, որ խորհրդարանի որևէ պատգամավոր պարտավոր չէ ներդրում անել։

«Ներդրումներ կատարողները պատգամավորները չեն։ Պատգամավորներն այն անձինք ենք, ովքեր պետք է զբաղվեն օրենսդրական գործունեությամբ, համապատասխան տնտեսական միջավայր ստեղծեն ներդրումների համար»,- եզրափակեց Լիլիթ Մակունցը։

ՀեղինակԱնի Օհանյան